2019-ից մեկնարկած կարկտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերն ապահովագրելուց բացի, հիմա գյուղացիները կարող են իրենց ցանքատարածքներն ապահովագրել նաև երաշտի վտանգից:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Երաշտի ռիսկից ապահովագրության համար պրոդուկտ է մշակվել, որը մշակվել է միջազգային IAF հիմնադրամի աջակցության և մասնավորի հետ համատեղ:
Բերքը երաշտից ապահովագրվելու է էկոնոմիկայի նախարարության ու մասնավոր ընկերության գործակցության արդյունքում: Ցորեն, գարի, վարսակ ցանողներն արդեն այսօրվանից կարող են դիմել Ինգո Արմենիա, Ռոսգոստրախ, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերություններ ու պայմանագրեր կնքել, ասում է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետը: Պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է սահմանվել մինչև մայիսի 31-ը: Պետությունը պատրաստ է վճարել ապահովագրավճարի 60 տոկոսը: Ըստ ռիսկային գոտիների՝ ապահովագրավճարները կարող են տարբեր լինել:
Իռա Փանոսյան - Ապահովագրավճար կարող են ձեռք բերել ինչպես 7 հազար դրամի շրջանակում, այնպես էլ 70 հազար դրամի շրջանակակներում: Օրինակ, եթե 7 հազար 200 դրամի շրջանակում տնտեսավարողը պոլիս է ձեռք բերում, դրա շուրջ 60 տոկոսը պետությունը սուբսիդավորում է, այսինքն մոտ 3000 դրամ վճարելով տնտեսավարողը կարողանում է ձեռք բերել երաշտի ապահովագրության պայմանագիր:
Խոսքը մեկ հեկտարի մասին է: Ապահովագրավճարները տարբեր են գարնանացանի և աշնանացանի համար. հաշվի են առնելու տարածքի ռիսկային գոտի լինելու, ոռոգելի, թե անջրդի հողերի կարգավիճակները: Քանի որ հացահատիկային մշակաբույսերը մշակում են անջրդի պայմաններում՝ երաշտի փորձնական ծրագիրը՝ բացառությամբ Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի, կիրականացվի բոլոր մարզերում: Արդեն իսկ գործող ապահովագրական պայմանագրերում ընդհանուր առմամբ պայմանները բարելավվել են՝ ասում է Իռա Փանոսյանը:
Իռա Փանոսյան - Եթե նախկինում ապահովագրական գումարների ծածկույթները երեքն էին, ապա այս տարի ծրագիրը լավարկվել է և դրանց թիվը հասնում է մինչև 6-ի, եթե նախկինում ապահովագրական վճարը, որը գյուղացին ընտրում էր ծածկում էր միայն իր կատարած ծախսը, ապա այս տարի լավարկման շրջանակում, երբ որ ապահովագրական վճարների սահմանաչափը բարձրացվել է հնարավորություն է տալիս նաև որոշակի բերքի ապահովագրություն իրականացնել:
Հացահատիկային մշակաբույսերի բարձր գնով ապահովագրավճարի դեպքում, գրեթե ամբողջ բերքն է պահովագրվում: