Ռուսաստանը նոտա է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«800 միլիոն դոլար. Վաշինգտոնն այս գումարի զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Այո, մենք նոտա ենք հղել և ընդգծել, որ անընդունելի ենք համարում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները զենք է մատակարարում Ուկրաինային: Մենք պահանջեցինք դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել է դիվանագետը։
Նա Ուկրաինային զենքի մատակարարումն անվանել է «խաղադրույքներն էլ ավելի բարձրացնելու, իրավիճակն էլ ավելի սրելու, ավելի շատ կորուստներ տեսնելու փորձ»։
Ապրիլի 15-ին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով նոտաներ է ուղարկել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։