Արևային էներգիայի օգտագործման ոլորտում համայնքների ներգրավվածությունն աստիճանաբար մեծանում է. այդ գործում իր ներդրումն ունի Եվրամիությունը՝ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը՝ Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի ծրագրի քննարկմանը: Սակագնային կարգավորումները հնարավորություն են տալիս մասնավոր ներդրողներին ոլորտում ակտիվ աշխատել: 2021-ին նախարարությունը թույլ է տվել թողարկել 15 մեգավատ հզորությամբ նոր լիցենզիաներ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում կարիք է առաջացել որոշակի նոր չափաքանակներ տրամադրել, որ համայնքները կարողանան այս ծրագրերին մասնակցել: Արևային կայանները խնայողություն են, կանաչ էլեկտրաէներգիա, գումարների խնայում:
Համաժողովն ամփոփում է 2018-ից իրականացվող «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրով կատարված քառամյա աշխատանքը: Եվրամիությունը և համայնքները 20 տոկոս համաֆինանսավորմամբ Արթիկում և Ապարանում ներկայացրել են համայնքային արևային կայանների տեխնիկական և տնտեսական հնարավորությունները: Ապարանում կառուցվել է երկու փոքր արևային կայան, Արթիկում 600 կիլովատ հզորությամբ համակարգային առևտրային էլեկտրակայան:
Աստղինե Պասոյան (Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն) - Պետությունը արդեն փորձ ունենք, մինչև անցյալ տարի 33 արևային փոքր համակարգ սուբվենցիաներով կառուցվել են, կարելի է համատեղ ֆինանսավորմամբ կառուցել 14 անգամ չորս համայնքային կայաններ, և այդ համայնքներում կհայտնվի բյուջեի մուտքային հոդված: Ներդրումները թույլ կտան հարստացնել համայնքը:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար) - Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս աշխատանքին և, իհարկե, համագործակցության տիրույթում միտված ենք էներգաանվտանգության խթանմանը, էներգաարդյունավետության ապահովմանը, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Միասին բազմաթիվ նախաձեռնություններ ենք իրականացնում, և հիմա այս անցման փուլում Հայաստանին պետք է աջակցություն տրամադրենք: Եվրամիությունը միայն մեկ ծրագիր է իրականացնում ոլորտում, բայց առաջարկում է բիզնես լուծումներ շահագրգիռ համայնքների համար, որպեսզի օգտվեն արևային էներգիայից: Այնքան շատ արև ունեք երկրում, ամոթ կլինի, պարզապես չօգտվելը այս ռեսուրսից, հետևաբար, միացեք այս նախաձեռնությանը:
Դեսպան Վիկտորինի խոսքով՝ վերականգնվող էնեգետիկայի ոլորտում ներդրումները կանաչ տնտեսությունը խթանելու ամենակայուն ճանապարհն են: