ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների:
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից:
«Թեև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Այս տարի լրանում է Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանը փոխշահավետ համագործակցության ամրապնդման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
Այս հարցում ԱԺ փոխնախագահը շեշտել է նաև սիրիահայ համայնքի դերակատարությունը և հավելել, որ մեր երկիրը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների ու ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ:
Լյուսի Իսկանյանը եւս կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը և Հակոբ Արշակյանին ու հայ օրենսդիրներին է փոխանցել Սիրիայի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները և համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:
Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ Սիրիան եւս զգացել է ահաբեկիչների իրականացրած գործողությունների հետևանքները: Նա կարևորել է երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերի իրականացումը, ինչը դանդաղել էր սիրիական ճգնաժամի հետևանքով:
ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը եւս խոսել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունից, փաստել հայ համայնքի գործուն աջակցությունն այդ հարցում:
Ընդգծվել է, որ սիրիահայ համայնքը լիարժեք ներգրավված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: