Ապրիլի 24-ի առավոտյան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակներին ի հիշատակ մատուցվել է պատարագ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն:
Ծաղկեպսակներ են զետեղվել Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ դեսպանության, Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Հետազոտությունների և ցեղասպանության միջազգային ցանցի, հասարակական մի շարք կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների անունից:
Դեսպան Աննա Աղաջանյանն իր խոսքում նշել է, որ, ինչպես ցույց է տվել պատմությունը, ժխտողականությունը, անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում են նորանոր հանցագործություններ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքական և հասարակական բոլոր այն գործիչներին, որոնք սկզբունքային ու հիմնավոր գործունեությամբ իրենց ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման արդար գործին։
Այնուհետև Բրյուսելի մայր տաճարից երթ է մեկնարկել դեպի Թուրքիայի դեսպանություն։
Երեկոյան Բրյուսելի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած անդամի մասին ֆիլմի ցուցադրություն, ապա՝ դասական համերգ։
Պողոսյան հիմնադրամը ևս Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում տեղի է ունեցել «Արդար թուրքերը, շատ երկար լռություն» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում։
Լյուվենի կաթոլիկ համալսարանի` բանասիրության և արևելքի պատմության դոկտոր Բերնար Կուլին, հյուրընկալվելով բելգիական LN24 հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդաշարին, զրուցել է Հայոց ցեղասպանության թեմայով։
Ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի Լիեժ, Գենտ, Մեխելեն և այլ քաղաքներում։