Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԲԸՏՄ ղեկավար կազմի հետ՝ տեղեկացնում են գերատեսչությունից:
Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2022 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները, որոնց արդյունքներով, նախատեսված 23 ստուգման փոխարեն, իրականացվել է 58 ստուգում, որից 33-ը՝ ծրագրային, 25-ը՝ արտածրագրային։ Բացված ստուգման հանձնարարագրերից 12-ը տեղափոխվել են մյուս եռամսյակներից։
Քննարկվել են նաև ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետները, իրականացվող ծրագրային ու արտածրագրային ստուգումների, դիտարկումների, կասեցումների, հարուցված վարչական վարույթների ընթացքը, ստացվող ահազանգերով բարձրացված հարցերը, իրավական ակտերի փոփոխությունների նախաձեռնությունները։
Մարտիրոսյանը հանձնարարականներ է տվել խստացված վերահսկողական ստուգայցերի ընթացքում անտառահատումների, ապօրինի որսի, հողի բերրի շերտի տեղափոխման կանխարգելման, տնտեսվարողների հետ իրազեկման աշխատանքներում խնդիրների վերհանման վերաբերյալ։
Տեսչական մարմնի 2022 թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է 130 ստուգում։