Արցախի գյուղատնտեսության նախարարությունից Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված և քննարկման համար Արցախի ոստիկանություն ուղարկված նյութերի հիման վրա Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի կառավարության թիվ 756-Ա առ 15.07.2021թ. որոշմամբ հաստատված ծրագրի հիման վրա Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար 2021 թվականի հուլիսի 16-ին Արցախի էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարության և ՀՀ-ում հաշվառված ընկերության տնօրեն Գ.Ն.-ի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ նախարարությունը ստանձնել էր Գ.Ն.-ին 52 500 000 ՀՀ դրամ գումար տրամադրելու պարտականություն, իսկ վերջինս պարտավորվել էր այն օգտագործել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ստեղծվող թռչնաբուծարանի համար «Լոման Բրաուն» ցեղի 120 օրական 15 000 թև հավ ձեռք բերելու և թռչնաբուծարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, սակայն Գ.Ն.-ն խաբեության և ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով ստացել ու հափշտակել է հիշյալ 52 500 000 դրամ գումարը՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Նկարագրված դեպքի առթիվ 19.04.2022 թ. հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափով), իրականացվում է հետաքննություն:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Արցախի գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Աչցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: