Մոսկվայում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների մեկնարկը տրվեց Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցված պատարագով, որի ավարտին կատարվել է բարեխոսական կարգ՝ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների: Այնուհետև եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն։ Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։
Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան (ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ) - Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված տեղի ունեցավ նաև «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի հասարակական-քաղաքական, ռազմական գործիչներ, Պետդումայի պատգամավորներ:
Կոնստանտին Զատուլին (ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ) - Այսօր, առավել քան երբևէ, արդիական է հիշել այն մասին, ինչ տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, քանի որ հայ ժողովրդի գոյության սպառնալիքները, որոնք եղել են այն ժամանակ, չեն անհետացել: Այսօր Հայաստանը, և առավել ևս՝ Լեռնային Ղրաբաղի հայերը, հայտնվել են դժվարին իրավիճակում: Եվ Ռուսաստանը, չնայած հիմա ներգրավված է Արևմուտքի հետ առճակատման մեջ, իմ կարծիքով, պետք է այս փորձությանը դիմագրավելով՝ շարունակի իր աջակցությունը հայկական կողմին, պահպանի ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը Ղարաբաղում և այդկերպ գործնականում մեր օրերում արժանին մատուցի բարեկամ հայ ժողովրդին:
Պետդուման դեռ 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զnհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել, իսկ 2005 և 2015 թվականներին ընդունել է նմանատիպ հռչակագրեր Ցեղասպանության 90-րդ և, համապատասխանաբար, 100-րդ տարելիցների կապակցությամբ, հիշում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռաևսկին: Նա հիշեցրեց նաև 2015 թ. Ծիծեռնակաբերդում նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի համաձայն ռուսական դիվանագիտությունը նպաստել է հայ ժողովրդի դեմ գործված բռնnւթյnւնների միջազգային դատապարտմանը:
Նադեին Ռաևսկի (Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն) - Դա ծայրաստիճան կարևոր էր, բայց մի բան է ելույթ ունենալ և դատապարտել, ինչը լիովին արդարացի է, մեկ այլ բան՝ գործել: Մյուս կողմից՝ մենք հիմա բախվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, սակայն քաղաքական գործիչները պետք է շարունակեն բարձրաձայնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը. դա հեշտ չէ, բայց անհրաժեշտ է:
Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի գրեթե բոլոր փողոցներում տեղադրվել են Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պաստառներ։