107 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց անդառնալի կորուստներ՝ սպանվեց 1,5 միլիոն հայ, հարյուրհազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր կետեր, ոչնչացվեցին հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ:
Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը նոր դաժանություններ և հանցագործություններ են ծնում՝ ասված է ուղերձում:
Նիկոլ Փաշինյան - Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:
Մեծ Եղեռնը հայ ժողովրդի համար ոչ միայն անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է՝ նշված է վարչապետի ուղերձում: Հայ ժողովուրդը պետք է ունենա սեփական ճակատագրի տնօրինման ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ, կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից տեղափոխել սեփական տիրույթ:
Նիկոլ Փաշինյան - Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:
Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ:
Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրությանը ներկայացված նյութերին, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը:
Ուղերձ է հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հարյուրհազարավոր հայեր, սփռվելով աշխարհով մեկ, հարստացրել են իրենց հյուրընկալած երկրների հասարակական, գործարար ու մշակութային կյանքը:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր են պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:
Ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում՝ ասված է ԱԺ նախագահ Ալեմ Սիմոնյանի ուղերձում: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է:
Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:
Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը:
Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում աղոթք է հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Մեծ Եղեռնից մեկ դար անց ստեղծված իրողությունը, մասնավորապես, 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները փաստում են, որ վերացած չեն մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ (ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ) - Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։ Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։
Պետական, ազգային-եկեղեցական կառույցների և յուրաքանչյուրի հանձնառությունը պետք է շարունակի մնալ Հայաստանի ու Արցախի մեր ժողովուրդների ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում՝ ասված է կաթողիկոսի ուղերձում: