Դեպի Փարիզի Հաղթանակի կամար ճանապարհը Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվան ընդառաջ ավանդաբար մարդաշատ է․ հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել 107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սպանված անմեղ նահատակների հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի և ֆրանսահայ մտավորականներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։
Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Երթի մասնակիցներից ֆրանսահայ գործարար Արմեն Պետրոսյանը կարևորեց արդեն տասնամյակներ շարունակ Ֆրանսիայում նման հիշատակի միջոցառումների անցկացումը՝ համոզմունք հայտնելով՝ ներկա և ապագա սերունդները պետք է միշտ վառ պահեն Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը։
Արմեն Պետրոսյան (ֆրանսահայ գործարար) - Մենք պետք է ցույց տանք, որ միշտ հիշում ենք այս ողբերգական իրադարձությունները, քանի որ անցյալը կարող է կրկնվել, և մենք դրա ականատեսը դարձանք վերջերս: Ահա թե ինչու է այստեղ լինելն այդքան կարևոր։
Եղեռնի ոգեկոչման արարողությունը շարունակվեց Վերսալի արքայական պալատում, որի պատերի ներսում պատմության մեջ առաջին անգամ հնչեցին Բաբաջանյանի, Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Եկմալյանի և մի շարք այլ հեղինակների անմահ ստեղծագործություններ։ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի կարծիքով՝ սա լավագույն ապացույցն է նրա, որ Հայաստանը Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում է։
Ֆրանսուա-Քսավյե Բելամի (Եվրախորհրդարանի պատգամավոր) - Հարկավոր է փոխանցել պատմական հիշողությունը, նաև արթնացնել Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը։ Այսօրվա միջոցառումը հնարավորություն էր նաև լսելու և բացահայտելու հայկական երաժշտությունը։ Այս ավանդույթն իր մեջ ամփոփում է մի ամբողջ ժողովրդի հույսը:
Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված «Հայկական երաժշտության 1000 տարին» խորագրով համերգը Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բացառիկ իրադարձությունն է համարում՝ շեշտելով՝ Ֆրանսիայի պատմությունն ու հայկական հիշողությունը միշտ երկխոսության մեջ են: Նրա խոսքով՝ ֆրանսիացի հյուրերից շատերը նորովի բացահայտեցին հայկական երաժշտությունը և մշակույթը:
Հասմիկ Տոլմաջյան (Ֆրանսիայում Հայաստանի դեսպան) - Այո՛, 107 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվել է 20-րդ դարում առաջին ցեղասպանությանը, և այս համերգը, կարծում եմ՝ լավագույնս է ներկայացնում հայ ժողովրդի վերածնունդը և ազգի ու մշակույթի վերածնունդը և լավատեսության վերածնունդը։ Ես ինքս հավատում եմ մեր ժողովրդի հարությանն ու վերածննդին և լավագույն ապագայի հրաշքին և կարծում եմ, որ այսօրվա համերգը նպաստում է Ֆրանսիայում ցույց տալու այն հույսը, այն հավատը, ապագայի այն հրաշքը, որը հայ ժողովուրդը կարող է ունենալ։
Դեսպանի համոզմամբ՝ ողջ աշխարհասփյուռ հայությունն այսօր միասնական է ավելի քան երբևէ, իսկ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելիս պետք է խորությամբ գիտակցել նաև հայ ազգի վերածննդի հրաշքը։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները նա ամփոփեց ֆրանսիացի մեծ գրող Անատոլ Ֆրանսի խոսքով՝ «Եթե անգամ Հայի մեկ կաթիլ արյուն մնա՝ Հայաստանը կհառնի»։