Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի հայ համայնքը հավաքվել էր Մոնթեբելլոյի հուշահամալիրում, որտեղ վաղ առավոտից բարձրացվել էին Հայաստանի, Արցախի, Միացյալ Նահանգների ու Կալիֆոռնիայի դրոշները։ Ավանդական միջոցառումը կազմակերպել էր Կալիֆոռնիայի հայ համայնքի քաղաքական, հասարակական, կրոնական, երիտասարդական՝ երկու տասնյակից ավելի կազմակերպությունները միավորող կառույցը։
Միհրան Թումաջյան (Հայոց ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմնի անդամ) - Ինչպես վերջին տասնչորս տարին, համայնքը հավաքվում է Մոնթեբելլոյում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին, բայց նաև խոստում տալու մեր նախնիներին, որ պիտի արդարության պահանջները շարունակենք, իրավագիտական գետնի վրա շարունակենք պայքարը։
Նելլի Սարոյան (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար) - Խնկարկել հիշողությունը անչափ կարևոր է, կարևոր է ոչ միայն հիշողության համար, այլև հետագայում թույլ չտալու ցեղասպանության կրկնությունը։ Անչափ կարևոր է, քանի որ 2020 թվականին ականատես եղանք հանցագործության չդատապարտման հետևանքով նոր հանցագործության։ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ փորձելով վերացնել արցախահայության՝ այնտեղ ապրելու իրավունքը, և, կարծում եմ՝ կարևորությունը հետագայում նման հանցագործությունները արգելելու խորհրդի մեջ է։
Մոնթեբելլոյի հուշահամալիրը Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամեծ հուշարձանն է, որը բացվել է 1968 թվականին։ Տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ին ամերիկահայերն այստեղ են գալիս՝ ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների միասնական աղոթքով այստեղից մեկնարկեցին 107-րդ տարելիցի միջոցառումները։
Վահրամ Շեմասյան (ժամանակակից և դասական լեզուների դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարան) - Նույնիսկ եթե Թուրքիան ճանաչի մի օր, իսկ մենք հուսով ենք, որ կճանաչի, պետք չէ մոռացվի, քանի որ ասի անկյունադարձային պատահար է ամբողջ ազգի արմատախիլ լինելը, իր հողերից զրկվիլը և ձուլումը Թուրքիայում և սփյուռքի մեջ։ Սրանք երևույթներ են, որ չպիտի մոռացվին։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին նաև ամերիկացի պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ։
Ջորջ Գասկոն (Լոս Անջելեսի շրջանի դատախազ) - Իրապես կարևոր է, որ մենք չմոռանանք, որ 1,5 մլն հայեր սպանվել են իրենց ազգության ու կրոնական համոզմունքների համար։ Պատմությունը կրկնվում է, և կարծում եմ՝ մենք պարտավոր ենք մշտապես հիշեցնել բոլորին, թե ինչ է տեղի ունեցել Թուրքիայում 1914-15 թվականներին, ինչին հաջորդեցին նացիստները: Նրանք եկան ու փաստացի օգտագործեցին մեթոդներ, որոնք կիրառվել էին Հայերի ցեղասպանության ժամանակ։ Որպես հանրություն՝ շատ կարևոր է, որ մենք բոլորս ոտքի կանգնենք, քանի որ մեր հասարակության մեջ շարունակաբար տեսնում ենք ատելության դրսևորումներ։ Դրա դեմ միակ միջոցը միասնական պայքարն է, քանի որ մեկի դեմ ուղղված ատելությունն ուղղված է բոլորիս դեմ։
Էնթոնի Պորտանտինո (Կալիֆոռնիայի նահանգային սենատի անդամ) - Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով մենք այսօր ավելի, քան երբևէ, պետք է համերաշխորեն արտահայտենք մեր սերն ու հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ և հարգանքի տուրք մատուցենք զոհերի հիշատակին։ Հայ համայնքն այնքան շատ բանի միջով անցավ այս հարյուրամյակի ընթացքում, և հայերի, ինչպես նաև ոչ հայերի համար՝ ինչպես ինձ համար, կարևոր է այսօր այստեղ լինելը։
Կալիֆոռնիահայ համայնքի Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։ Կազմակերպվել են ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, մոմավառություն։ Այս տարի ևս Լոս Անջելեսի հայկական համայնքը երթ կանցկացնի կենտրոնական փողոցներում` բարձրաձայնելով արդարության իր պահանջը։