107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը hամակարգված ջանքեր գործադրեց հայ ժողովրդին ոչնչացնելու ուղղությամբ, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունը խլեց 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների կյանք։ Չնայած այդ ծրագրված զանգվածային սպանության անհերքելի ապացույցներին՝ Թուրքիան շարունակում է ժխտել, որ երբևէ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Նրանք ցանկանում են, որ աշխարհը մոռանա, բայց մենք չենք մոռանա: Մենք դա երբեք չենք մոռանա։
Իմ տասնյակ հազարավոր հայրենակիցների համար Ցեղասպանության ճանաչումը դարձավ պայքար իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ինձ համար դա նույնպես խորապես անձնական հարց է։ Ես տեսել եմ Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք ինձ ուրախությամբ են ընդունել իրենց տներում, լսել եմ պատմություններ նրանց ծնողների, եղբայրների ու քույրերի սպանության, ունեցվածքի և նրանց ընտանիքների կառուցած կյանքի ոչնչացման մասին: Ես նայել եմ, թե ինչպես են նրանք նորից վերապրում այդ ցավը՝ արցունքներն աչքերին և աղաղակներով:
Քսան տարի շարունակ ես Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր եմ ներկայացրել, և 2019 թվականին պատմության մեջ առաջին անգամ և՛ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատը գրեթե միաձայն ընդունեցին այդ բանաձևը՝ հաստատելով Հայոց ցեղասպանության փաստը։ Իսկ անցյալ տարի նախագահ Ջո Բայդենը կոտրեց մեր երկրի տասնամյակներ տևած խայտառակ լռությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ առաջին գործող նախագահը։
Այս պատմական իրադարձությունները տեղի ունեցան ուժեղ և ամուր հայկական սփյուռքի շնորհիվ։ Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքեր: Մենք նաև հիշում ենք հայ ժողովրդի դեմ վերջերս հրահրված բռնությունների զոհերին, Արցախում զոհվածների, հազարավոր մարդկանց, որոնք ստիպված են եղել փախչել ադրբեջանական և թուրքական ագրեսիայից, ռազմագերիների և այսօր դեռ հարձակման վտանգի մեջ ապրողների մասին:
Ես միշտ լինելու եմ հայ համայնքի կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, պահանջելու խաղաղություն Արցախի և հայ ժողովրդի համար, շարունակելու մնացած հայ ռազմագերիներին ապահով և անվերապահ ազատ արձակելու մեր կոչերը և անելու հնարավորը՝ մեր հայ եղբայրներին ու քույրերին ազատ արձակելու համար: Ես միշտ կլինեմ ձեր կողքին։
Շնորհակալություն: