Այսօր Ֆրեզնոյում մենք բարձրացնում ենք Հայաստանի դրոշը՝ հիշելով կորսված կյանքերը, սպանվածներին ու նրանց ընտանիքներին: Այդպես մենք անում ենք ամեն ապրիլի 24-ին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին։ Հայերը Ֆրեզնոյում, ողջ հարթավայրում, ողջ երկրում և ողջ աշխարհում հասկանում են ապրիլի 24-ի կարևորությունը։
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք մեղավորներին։ Թուրքիան պետք է ինչ-որ պահի ճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ մենք ամեն տարի ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք վերջապես հասանք նրան, որ Կոնգրեսը պաշտոնապես ընդունի Ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ՝ ես շատ հպարտ էի:
Անցյալ տարի այս ժամանակ նախագահ Բայդենն առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Մենք ֆինանսական աջակցություն և օգնություն ենք ցուցաբերել Հայաստանին, միջոցներ ենք հատկացրել Արցախի ականազերծման համար, սակայն դեռևս բազմաթիվ անելիքներ կան։
Ես շարունակելու եմ անել այն ամենը, ինչ կարող եմ՝ հայ ժողովրդին աջակցելու, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, աշխարհին հիշեցնելու, որ անկախ նրանից, թե նման գործողություններ իրականացրել է Օսմանյան կայսրությունը ավելի քան հարյուր տարի առաջ, թե Ադրբեջանը՝ վերջին տարիներին, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Մենք այսօր հիշում ենք Հայոց ցեղասպանության մասին և երբեք չպետք է մոռանանք:
Շնորհակալություն: