Ես մասնագիտությամբ պատմաբան եմ և Հայոց ցեղասպանության մասին լսել եմ դեռ երիտասարդ ժամանակ: Այդ թեման ինձ համար արդիական է, քանի որ մեր ժողովուրդները պատմական առումով շատ նման են, ունեն ողբերգական դրվագներ: Լիտվայի հայ համայնքը մեր հասարակության կարևոր մաս է կազմում, կան հայտնի մարդիկ՝ բժիշկներ, դիզայներներ: Նրանցից յուրաքանչյուրն իր ընտանեկան, անձնական պատմությունն ունի, որոնք առնչվում են, այսպես ասած, «հանրագիտարանային թեմաների»: Համայնքի հետ մենք քննարկել ենք, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում ինչ նշանակալի դեր կարող է ունենալ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես և Լիտվայի խորհրդարանի կողմից դրա ճանաչման մասին բանաձևի ընդունումը: Դա դյուրին ճանապարհ չի եղել: 2005 թվականն էր, և մեր քաղաքական էլիտայի մի մասը, հավանաբար, դեռ պատրաստ չէր դրան: Կային երկրներ, ում հետ մենք ուզում էինք տնտեսական հարցեր լուծել, սակայն մեր նախաձեռնող խմբին հաջողվեց մեր գործընկերներին համոզել, և ձայների մեծամասնությամբ բանաձևն ընդունվեց: Եվ ես հպարտ եմ դրա համար: Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհի բոլոր խորհրդարանները կընդունեն նման բանաձևեր: Ամենակարևորն այն է, որ այդ պատմական փաստը ճանաչեն այն երկրում, որի տարածքում էլ հենց տեղի են ունեցել այդ սարսափելի հանցագործությունները:
Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, ունի դարավոր և հարգանքի արժանի պատմություն, որի վրա կարելի է հենվել: Շատ ժողովուրդների համար դուք կարող եք օրինակ հանդիսանալ, թե ինչպես գոյատևել, ապագա կառուցել: Եվ այս դժվարին իրավիճակում ես հույս ունեմ, որ Հանրապետության այս նոր սերնդին կբավարարեն ոգին և կարծրությունը՝ ապրելու, առաջ շարժվելու, արդիականանալու համար: Ցանկանում եմ ձեզ մաղթել առողջություն, երջանկություն և լուսավոր ապագա: