1,5 միլիոն թվի հետևում մարդկային ճակատագրեր, ընտանեկան ողբերգություններ են: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արխիվացնում է 1915-ի հիշողությունը՝ ընդլայնված ծրագրով վերսկսելով ինստիտուտի՝ դեռևս առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի նախաձեռնությունը. հավաքել Մեծ Եղեռնի զոհերի մասին բոլոր տեղեկությունները:
Էդիտա Գզոյան (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն) - Մենք փորձեցինք ավելի ընդլայնել և՛ նպատակը, և՛ իրականացման միջոցները, փորձել օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները: Ինչո՞ւ ենք շտապում, որովհետև Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները, նրանց երեխաները արդեն բավական մեծ տարիքում են, և մենք խնդիր ունենք նյութի արագ հավաքագրման:
Թանգարանից դիմում են Հայաստանում և հատկապես սփյուռքում ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին՝ իրենց ունեցած տեղեկություններով օգնել գործին: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, թանգարան-ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ հնարավոր կլինի ավելի արագ հավաքել տվյալները:
Էդիտա Գզոյան - Հնարավորություն տալ ամերիկաբնակ, ֆրանսիաբնակ հայրենակիցներին, ովքեր ունեն զոհերի, վերապրողների հետ կապված հուշեր, ինչ-որ նյութեր, մասունքներ, տրամադրել մեզ: Հնարավորություն են ստանալու միացնել ծրագիրը և մուտքագրել իրենց տվյալները:
Այդպիսով, ըստ փոխտնօրենի, կամբողջացվեն զոհերի, վերապրածների մասին տվյալները, ստացված նյութերը հետագայում կդառնան նաև ուսումնասիրության առարկա: Ազգային արխիվը ևս տարիներ ի վեր աշխատել է այդ ուղղությամբ՝ ցուցակագրել զոհերի անունները, հավաքել նրանց վերաբերյալ տեղեկություններ: Հիմա կմիավորվեն ջանքերը:
Էդիտա Գզոյան - Տեր-Ստեփանյան Ղևոնդ՝ Մեզրեից, Սուրբ Սարգիս եկեղեցու քահանան է եղել 1903-ից, ինչպես է աքսորվել, նշված է նահատակվելը: Կինը նույնպես զոհվել է, դուստրը առևանգվել արաբների կողմից:
Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո Փարիզի խաղաղության վեհաժողովում, Ազգերի լիգային, այլ կազմակերպությունների ներկայացվել է Եղեռնի զոհերի թիվը:
Հիշողության արխիվացման նպատակը ոչ միայն զոհերի անուն, ազգանունները պարզելն է, այլև հնարավորինս նրանց մասին պատմությունների ամբողջացումը, նյութը կորստից փրկելը: