Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պատարագ: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Չնայած երկրում հայտարարված ռազմական դրությանը՝ Ուկրաինայի բոլոր շրջաններում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններ: Միջոցառումները մեկնարկել են Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում աղոթքից: Կիևում արարողությունը գլխավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքերը ներկաներին է փոխանցել նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանը: