1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական առաջնորդներին։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային ոճրագործություններից մեկը։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում։ Վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունը ատելության բոլոր դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում։ Սգալով Մեծ Եղեռնի կորուստները՝ եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ: Աշխարհ, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ անհանդուրժողականության չարիքները մեր առօրյա կյանքի մաս չեն, և որտեղ մարդիկ կարող են ազատորեն ապրել՝ անվտանգության պայմաններում: Սա նաև հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին մտորելու պահ է։ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացիները շարունակում են հարգել Ցեղասպանության հետևանքով զոհված բոլոր հայերի հիշատակը:
Հայ ազգին ուղերձով է դիմել նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ անցյալի սև էջերի հիշատակումը ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար:
«Մեր գլխավոր մտահոգությունն է՝ ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»,- գրել է Միցոտակիսը Twitter-ի միկրոբլոգում։
Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավն օրհասական է որակել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
Նիկոս Անաստասիադիս (Կիպրոսի նախագահ) - Մեր հայ եղբայրների հետ միասին մենք շարունակում ենք պայքարը։ Հարկավոր է վառ պահել սարսափելի Ցեղասպանության հիշատակը: «Այլևս երբեք»-ի կոչն այսօր ավելի արդիական է, քան երբևէ»։ 107 տարի առաջ տեղի ունեցածը պատմական վայրագություն է՝ հայտարարել է Հայաստան-Միացյալ Թագավորություն խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը։
Թիմ Լոութըն (ՀՀ-Միացյալ Թագավորություն խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար) - Ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, այցելել եմ նաև Լեռնային Ղարաբաղի սահման։ Այս ուղևորության ամենահուզիչ պահերից մեկը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունն էր։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ երաշխավորենք, որ մեր երկրում հասարակությունը կրթված և տեղեկացված լինի ցեղասպանության մասին, որ մենք դրանցից դասեր քաղենք: Մենք ձգտում ենք Ցեղասպանության զոհերի և նրանց ընտանիքների համար արդարության հաղթանակի՝ այդ կերպ համոզվելու, որ այդ սարսափները այլևս չեն կրկնվի մեր մայրցամաքում։
1915թվականի զոհերի հիշատակը միշտ վառ պահելու կոչ է արել Իտալիայի Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը։
«Պատմության մութ պահերը մոռանալ, նշանակում է՝ թույլ տալ, որ դրանք կրկնվեն։ Ուրախ ենք, որ Պատգամավորների պալատը 2019թ. միաձայն ընդունել է բանաձև, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը», - ասված է հայտարարության մեջ։
Եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաև ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ:
Ադամ Շիֆ (ԱՄՆ կոնգրեսական) - 107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը hամակարգված ջանքեր գործադրեց հայ ժողովրդին ոչնչացնելու ուղղությամբ, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունը խլեց 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքեր։ Չնայած այդ ծրագրված զանգվածային սպանության անհերքելի ապացույցներին՝ Թուրքիան շարունակում է ժխտել, որ երբևէ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Նրանք ցանկանում են, որ աշխարհը մոռանա, բայց մենք չենք մոռանա: Քսան տարի շարունակ ես Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր եմ ներկայացրել, և 2019 թվականին պատմության մեջ առաջին անգամ և՛ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատը գրեթե միաձայն ընդունեցին այդ բանաձևը՝ հաստատելով Հայոց ցեղասպանության փաստը։ Իսկ անցյալ տարի նախագահ Ջո Բայդենը կոտրեց մեր երկրի տասնամյակներ տևած խայտառակ լռությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ առաջին գործող նախագահը։
Ջեքի Սփիեր (ԱՄՆ կոնգրեսական) - Որպես Կոնգրեսի հայկական արմատներ ունեցող երկու անդամներից մեկը և որպես Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ, ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես ձեզնից շատերը, այնպես էլ ես խորապես զգում եմ այս ողբերգությունը իմ սեփական ընտանեկան պատմության մեջ և համայն հայության հավաքական ցավի միջոցով: Ես երբեք չեմ մոռանա այն մեծ վիշտը իմ մոր աչքերում, երբ նա ինձ պատմում էր 1915 թվականի ապրիլի 24-ի սարսափների մասին։ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և ակտիվորեն աշխատում է փրկվածների վկայությունները ճնշելու ուղղությամբ։ Ցեղասպանության ճշմարտության մերժումը ոչ միայն վնասում է մեր համայնքների ապաքինմանը, այլև ակտիվորեն ընդլայնում է պոտենցիալ հանցագործների հնարավորությունները:
Արգենտինայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտիի խոսքով՝ ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը։ «1915 թվականից ի վեր Ցեղասպանության բազմաթիվ հայ վերապրածներ եկան Արգենտինա՝ փնտրելով խաղաղություն և բարեկեցիկ ապագա։ Այդ տղամարդիկ և կանայք փայլուն հայ համայնքի ներկայացուցիչներն են, որն արգենտինական հասարակության անբաժանելի մասն է կազմում։ Այսօր Արգենտինայում նշվում է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը: Այն սահմանվել է 2008 թվականին հատուկ օրենքով»։
Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, այդ երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնող խմբի ակտիվ անդամ Ալգիս Կաշետան, կարևորել է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ ընդգծելով նաև տարբեր երկրներում հայ համայնքի դերակատարումը:
Ալգիս Կաշետա (Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ) - Համայնքի հետ մենք քննարկել ենք, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում ինչ նշանակալի դեր կարող է ունենալ Լիտվայի խորհրդարանի կողմից դրա ճանաչման մասին բանաձևի ընդունումը 2005 թվականին։ Եվ ես հպարտ եմ դրա համար: Ամենակարևորն այն է, որ այդ պատմական փաստը ճանաչեն այն երկրում, որի տարածքում էլ հենց տեղի են ունեցել այդ սարսափելի հանցագործությունները։
Ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձներին ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արած սխալի կրկնություն»: «Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր թույլ են տալիս այս սխալը»,- նշված է հայտարարության մեջ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը «միակողմանի և ընտրողական մոտեցում է» և հետապնդում է քաղաքական նպատակներ: Գերատեսչության պնդմամբ՝ Անկարան ջանքեր է գործադրում, որ տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունն ու կայունությունը, և առաջ մղվի համագործակցության ոգին: