Թուրքական մերժողականության դեմ պայքարի նոր մարտավարություն է մեր լոբբիի առաջ քաշած օրինագիծը: Նախատեսվում է, որ Կոնգրեսը 10 միլիոն դոլար կհատկացնի Կոնգրեսի գրադարանին, որ վերջինս իրականացնի Հայոց, ինչպես նաև օսմանյան կառավարիչների կողմից ջարդի ենթարկված ՝ հույների, ասորիների, արամեացիների և այլ քրիստոնյաների վերաբերյալ հետազոտություններ կատարելու և հանրային իրազեկումն ավելացնելու ուղղությամբ։
Դինա Տիտուս (ԱՄՆ կոնգրեսական, Նևադա) - Կրելու եմ փոքր անմոռուկ ծաղիկի նշանը հիշատակի արարողությանը, քանի որ չպետք է մոռանանք, թե ինչ է պատահել նախկինում։ Եթե մոռանանք, դատապարտված ենք նորից վերապրելու։
Նևադայից կոնգրեսական Դինա Տիտուսն այս օրերին նահանգային կենտրոն Լաս Վեգասում է, որտեղի հայկական հուշարձանի մոտ կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը։ Տիտուսը ծագումով հույն է և հայկական նոր օրինագծի ակտիվ աջակիցներից է։
Դինա Տիտուս - 2019-ին Կոնգրեսը ճանաչեց Ցեղասպանությունը, 2020-ին հասանք նրան, որ Կոնգրեսի գրադարանի տնօրեն Կարլա Հեյդենը գրադարանի կատալոգներում Հայկական ջարդերի փոխարեն թեմատիկ գրքերը գրանցեց «Հայոց ցեղասպանություն» հստակ դասակարգման ներքո։ Նախորդ տարի էլ նախագահն օգտագործեց եզրույթը։ Հիմա եկել ենք մի նոր հանգրվանի, որ պետք է Կոնգրեսի գրադարանի միջոցով ավելացնենք հանրային իրազեկումը հայկական, հունական, ասորական և այլ ոճիրների մասին։
Ասորական ակտիվացող համայնքից Իշտար Սայադին հայ ազգականներ ունի։ Ասորական քաղաքականության ինստիտուտի ղեկավար անդամը Կալիֆոռնիայից հեռակա հետևում է գործընթացին։
Իշտար Սայադի (Ասորական քաղաքականության ամերիկյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ) - Պատմության ընթացքում ասորիներին կոտորել են օսմանցիները, քրդերը ու վերջերս էլ՝ «Իսլամական պետությունը», որի ահաբեկիչներն Իրաքում տուն առ տուն սպանում էին ասորիներին։ Վերջերս էլ հայերն Արցախում էին հարձակման թիրախ դարձել։ Մենք պետք է ոչ միայն չմոռանանք, այլև կրթենք հանրությանը, որպեսզի նրանք ճանաչեն ցեղասպանությունների կանխանշանները և պայքարեն դրա դեմ, երբ տեսնեն, որ մեր օրերում կրկնվում են նման ոճիրներ։
Աշնանն ընտրություններ են։ Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուն նախանշում է ժամանակային սահմանափակումները, որ համայնքն ունի ընթացակարգը Կոնգրեսի երկու պալատներում ավարտին հասցնելու համար։
Մարիամ Խալոյան (ԱՄՆ հայկական համագումարի պատասխանատու) - Կարևոր է, որ օրինագիծը ոչ միայն առաջադրվի, այլև անցնի։ Ներկայիս Կոնգրեսը գործելու է մինչև տարեվերջ, և պետք է, որ օրինագիծը հաստատվի այդ ընթացքում, հակառակ դեպքում, ընտրություններից հետո կլինի նոր Կոնգրես, և անհրաժեշտ կլինի առաջադրել նոր օրինագիծ։ Այս պահին օրենսդիրներ Բիլիրակիսի և Մալունիի առաջադրած օրինագիծն ունի 50-ի չափ աջակից։
Զուգահեռաբար համայնքային ուժերն աշխատում են, որ նահանգ առ նահանգ հանրակրթական դպրոցների դասագրքերում դասեր լինեն Հայոց ցեղասպանության մասին։ Կալիֆոռնիան, Վիրջինիան, Մասաչուսեթսն այդ ճանապարհն արդեն անցել են, Միսսուրիում, Նյու Հեմփշիրում ու Հարավային Կարոլինայում օրինագծերը հենց այս օրերին են քննարկում։ Միչիգանում էլ մերոնք վերջերս գործը հասցրին հաղթական կետին։ Ալեք Մանուկյանի հետ տասնամյակներով աշխատել է Միչիգանից Էդմոնդ Ազատյանը, ում աշխատասենյակում Մանուկյանի նկարն է։
Երվանդ Ազատյան (համայնքային գործիչ, լրագրող) - Միչիգանի նախկին նահանգապետի շատ սրտով չէր Ցեղասպանության և Հոլոքոստի հանձնաժողով ստեղծելը։ Բայց նահանգային խորհրդարանի որոշման հիման վրա էր, որ ստիպվեցավ այդ հանձնաժողովը ստեղծել:
Ձևավորված հանձնաժողովը, որի կազմում նաև ինքը՝ պարոն Ազատյանն էր, մշակել է դասապլան, որն արդեն պատմություն առարկայի ծրագրերում է։ Ուսումնական տարվա ընթացքում նահանգի հանրակրթական դպրոցները վեց դաս պետք է հատկացնեն մարդկության դեմ գործած ոճիրների թեմային։