Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին կանգնեցված զանգակատուն-հուշակոթողը Ստեփանակերտում հավերժացնում է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Արցախում խնկարկում և ոգեկոչում են զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունը չի ավարտվել 1915 թվականին: Այն շարունակվել է նաև Արևելյան Հայաստանում՝ 1920 թվականի Շուշիի հայկական ջարդերը Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան ծրագրի շարունակությունն էին, նշել է Արցախի ԱԺ փոխնախագահը:
Գագիկ Բաղունց (Արցախի ԱԺ փոխնախագահ) - Անընդհատ աշխարհին մատնանշենք, որ նման հանցագործությունը 107 տարի անց դեռ մնում է անպատիժ և ծնում է նոր ու նոր հանցագործություններ: Ինչ վերաբերում է հայ ազգին, մենք այսօր պետք է ավելի քան միասնական լինենք և անենք ամեն ինչ, որ մեր ազգը, համախմբվելով հավաքելով ուժերը, կարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին:
Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին ծաղկեպսակ են դրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու երրորդ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Օսմանյան կայսրությունում ծրագրված և կազմակերպված 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Սա, փաստորեն, միջազգային հանրության համար մի խարան է, որը նա կարող է մաքրել միայն ճանաչելով և դատապարտելով միջազգային մակարդակով՝ ընդհանուր առմամբ:
Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվել ցեղասպան քաղաքականությունից՝ հիշեցրել է Արցախի արտգործնախարարը: Ցեղասպանություն է տեղի ունեցել նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում: Այդ նույն ձեռագրով արցախահայությունը ցեղասպանության վտանգի առաջ էր 2020 թվականի պատերազմի ժամանակ, որից հետո Ադրբեջանը դեռ շարունակում է էսկալացիայի փորձերը:
Վիտյա Յարամիշյան (Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր) - Տեսակետ եմ նկատում, որը շրջանառվում է ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակներով՝ գուցե նաև համաշխարհային, թե զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների կամ նախնիների համար, ուստիև նրանք որևէ մեղք չունեն և չպետք է պատասխանատվություն կրեն: Ես կարող եմ հավաստիացնել, մենք բոլորս ենք տեսնում, որ գուցե փոխվում են սերունդները, բայց չի փոխվում ձեռագիրը, և չեն փոխվում նպատակները:
Արցախի եկեղեցիներում այսօր Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների բարեխոսության կարգ է կատարվել: Ստեփանակերտի Սուրբ Հովանի Մայր տաճարում բարեխոսական կարգը կատարվել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: