Ապրիլի 24-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորությամբ:
Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ ղեկավար Լուսին Իսքենյանի գլխավորությամբ, ևս այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, կոալիցիոն Քրիստոնեական միության կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Դոն Սեդերը:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: