Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց, ցավոք, դեռևս չկա միջազգային կոնսենսուս՝ ճանաչելու այս հանցագործությունը, որի մեղավորները մինչ օրս չեն պատժվել: Համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի երրորդ հոդվածի երկրորդ և երրորդ կետերի՝ հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և այն, ինչ հիմա կատարվում է Ղարաբաղում, նույնպես կարելի է որակել որպես ցեղասպան հանցագործություն: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Ադրբեջանը անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքը և խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ ադրբեջանական ուժերը ուղղակի հարձակումներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա՝ խոշոր տրամաչափի զենքերով թիրախավորում ենթակառուցվածքներն ու քաղաքացիական անձանց, անխնա սպանում կանանց և երեխաներին: Ադրբեջանը խախտել է բոլոր միջազգային նորմերը, որոնք ճանաչում են քաղաքացիական անձանց պաշտպանությունը և նրանց կյանքի իրավունքը:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և հայերի համակարգված և նպատակային սպանությունների՝ մենք կարևորում ենք միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, կոչ ենք անում հավատարիմ մնալ միջազգային կոնվենցիաներին: Միջազգային հանրությունը պետք է ձևավորի փաստահավաք խումբ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: