Ողջույն։ Ես կոնգրեսական Ջեքի Սփիերն եմ և Ներկայացուցիչների պալատի անդամ։ Որպես Կոնգրեսի հայկական արմատներ ունեցող երկու անդամներից մեկը և որպես Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես ձեզնից շատերը, այնպես էլ ես խորապես զգում եմ այս ողբերգությունը իմ սեփական ընտանիքի պատմության մեջ և համայն հայության հավաքական ցավի միջոցով: Ես երբեք չեմ մոռանա այն մեծ վիշտը իմ մոր աչքերում, երբ նա ինձ պատմում էր 1915 թվականի ապրիլի 24-ի սարսափների մասին։
Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սառնասիրտ, համակարգված և հաշվենկատ սպանությունը, անկասկած, պատմության ամենամռայլ օրերից մեկն է։ Եվ մենք պետք է շարունակենք հակազդել դրա բարձրաձայնման դեմ ուղղված ջանքերին։ Այդ պատճառով ես հպարտ էի, որ անցյալ տարի նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Եվ այդ պատճառով ինձ համար պատիվ էր մի քանի տարի առաջ այդ բանաձևը Կոնգրես անցկացնելը՝ հաստատելու Ամերիկայի հավատարմությունը ճշմարտությանը և ապաքինմանը: Նման գործողությունները հզոր ազդանշաններ են ուղարկում նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը։ Բայց մեր աշխատանքը դեռ չի ավարտվել:
Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և ակտիվորեն աշխատում է վարապրածների վկայությունները ճնշելու ուղղությամբ։ Ցեղասպանության ճշմարտության ժխտումը ոչ միայն վնասում է մեր համայնքների ապաքինմանը, այլև ակտիվորեն ընդլայնում է պոտենցիալ հանցագործների հնարավորությունները:
Եվ ընդամենը անցած ամիս Ադրբեջանը վերսկսեց իր ագրեսիան Արցախի դեմ՝ գրավելով ևս մեկ գյուղ և Արցախի ժողովրդին թողնելով ցրտահարության մեջ՝ ամբողջ երեք շաբաթով անջատելով գազը։
Ազնվորեն ճանաչելով Հայոց ցեղասպանության ողբերգությունը՝ այսօր մենք նաև հզոր հայտարարություն ենք անում. նրանք, ովքեր փորձում են մեզ լռեցնել, անհաջողության են մատնվելու։ Այս նշանակալի օրը ես միանում եմ ձեզ՝ ոչ միայն հարգելու օսմանների ձեռքից զոհված մեր նախնիների հիշատակը, այլև վերահաստատելու մեր հավատարմությունը՝ դեմ արտահայտվելու գլոբալ ճնշմանը և անարդարությանը՝ ի պատիվ նրանց: Մենք կարող ենք և պետք է ապահովենք, որ արդարությունը հաղթանակի, և նրանց մահն իզուր չլինի։