Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: Նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության և նվիրվածության համար:
1.000.000 դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
«Մերօրյա այսպիսի բացառիկ հերոսները մեզ հիշեցնում են այն մասին, որ ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք հավատում են և պատրաստ են արտասովոր քայլերի՝ պաշտպանելու լուսավոր ապագան: Մեզնից շատերն այսօր կարող են ճնշված զգալ՝ առնչվելով մարդկային վշտի ու տառապանքի անվերջ թվացող ալիքին: Բայց «Ավրորայի» հերոսները շարունակում են լինել կարեկցանքի փարոս՝ առաջնորդելով և ոգեշնչելով մարդկայնությանը: Պատիվ է մասնակից լինել այս նախաձեռնությանը, որը նրանց ճանաչման է արժանացնում և աջակցում»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
2022 թվականի «Ավրորայի» հերոսներն են.
-
Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան)՝ խաղաղության ակտիվիստ և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:
-
Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս)՝ փաստաբան և քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ և դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է և բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ և ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։
-
Հադի Ջուման (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ և միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում և առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետևանքով Եմենը շարունակում է մնալ երկարատև քաղաքական և հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ: