Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:
Նա մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», ապա դրան հակադարձել է Էդգար Հիլզենրատի խոսքերով. «Դրա մասին պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հնարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:
Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը. «Ինչո՞ւ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցագործություն է, քան մեկ մարդունը»:
Եզրափակելով՝ Լաքոտը հավելել է, որ վերոնշյալ մտքերն արտահայտում են այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են այն, և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը:
«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,- գրել է Լաքոտը: