Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները պարտադիր վերապատրաստում կանցնեն: Կառավարությունը մարտի 31-ին հավանության արժանացրեց «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Եվրոպական բանտային կանոնների համաձայն՝ «բանտային աշխատակիցներն իրենց ամբողջ կարիերայի ընթացքում պետք է մասնակցեն վերապատրաստումների, որպեսզի կատարելագործեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները», իսկ ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց հետո և ամբողջ գործունեության ընթացքում այդ աշխատակիցները պետք է պահպանեն ու բարձրացնեն իրենց որակավորումը:
Գարիկ Աբելյան (ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Նախատեսելու են վերապատրաստման երկու հիմք՝ առաջին հիմքը իր մեջ ներառելու է ՔԿԾ-ի վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա իրականացվող վերապատրաստումներ, իսկ երկրորդ հիմքը ՔԿԾ գերակա խնդիրներով պայմանավորված վերապատրաստման գործընթացներն են, որոնք իրականացվելու են ոչ պակաս, քան 3 տարին մեկ:
Գարիկ Աբելյանի խոսքով՝ առկա կարգավորումներն ունակ չեն պատշաճ և ամբողջական ապահովելու ծառայողների պարտադիր վերապատրաստման միջազգային նորմերը: Ըստ գործող օրենքի՝ ծառայողների վերապատրաստումը կարող է իրականացվել կա՛մ կատարողականի գնահատականի հիմքով, կա՛մ կամավորության սկզբունքով:
Գարիկ Աբելյան - Այս կառուցակարգը արդյունավետ չէ այնքանով, որքանով որ հնարավորություն չի ընձեռում մեզ ՔԿ ծառայողի բնույթը, այն, որ ՔԿԾ-ն հերթափոխային բնույթ ունի, հիմնվում է դատապարտյալների հետ անձնական շփումին, վերասոցիալականացման գործընթացում ՔԿ ծառայողների դերով և անվտանգության պահանջների պահպանման երաշխավորելու հիման վրա:
Դասընթացները մեկնարկելու են մի քանի ամսից, վերապատրաստում կանցնեն բանտային աշխատակիցների 90 տկոսից ավելին: 2 տարվա ընթացքում բավարար կրեդիտներ չհավաքելու դեպքում ծառայությունը կդադարեցվի, ու աշխատակիցները պաշտոնից կազատվեն: