Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը սկսել է ստանալ այն զենքերը, որոնք խնդրել էր, սակայն չի նշել՝ ինչ զենքի մասին է խոսքը։
«Երախտապարտ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք վերջապես լսեցին մեզ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Կանադայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ երկիրը ծանր հրետանի և հաուբիցներ է փոխանցել Ուկրաինային։ Իսպանիայի վարչապետի խոսքով՝ երկրի ռազմածովային ուժերը 200 տոննա զինամթերք և ռազմական տեխնիկա կտրամադրի Կիևին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տրամադրում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ Կիևին մատակարարում են բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս Ուկրաինայի զինված ուժերին ավելի շատ ինքնաթիռներ գործարկել։
Նուլանդը տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Կիևին «անվտանգության հավաստիացումներ» տրամադրելու համար։
«Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը խնդրել է պաշտոնյային հստակեցնել՝ «անվտանգության երաշխիքներ», թե «անվտանգության հավաստիացումներ», քանի որ վերջինի դեպքում պաշտպանության ֆիքսված երաշխիքներ չեն նախատեսվում։
«Ես ասացի այն, ինչ ասացի: Հրապարակավ կարող եմ ասել միայն այդքանը»,- պատասխանել է Նուլանդը: