Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է․ այն ճանաչել են շուրջ 30 երկիր և միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ։ Ապրիլի 24-ին ընդառաջ՝ տարբեր երկրների քաղաքական գործիչներ հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականի կոտորածների զոհերի հիշատակին և դատապարտել ցեղասպանությունը։
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ, նշել՝ Օսմանյան կայսրության ձեռքով սպանվել է 1,5 միլիոն հայ․
«Որպես ամերիկացիներ՝ մենք պարտավոր ենք ապրումակցելու ցավին, որը զգացել են այս ողբերգությունից տուժած հայ ընտանիքները: Հպարտ եմ, որ պատիվ ունեմ ներկայացնելու ամերիկահայերի մտահոգությունները Կոնգրեսում»,- ընդգծել է օրենսդիրը:
Վալադաոն միացել է Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագիծը ներկայացրած կոնգրեսականներին, որոնցից մեկն էլ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկն է։ Նա, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել կանգնելու հայերի կողքին և պայքարելու հանուն արդարության և խաղաղության հաստատման։
Քեթրին Քլարկ (ԱՄՆ Կոնգրեսի անդամ) - Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը նշելով՝ մենք ճանաչում ենք համաշխարհային պատմության այս մութ գլուխը և վերահաստատում մեր հանձնառությունը՝ թույլ չտալու, որ նման վայրագությունները կրկնվեն: Պատիվ եմ ունեցել ճանաչելու հայ համայնքի շատ ներկայացուցիչների, նրանց ուժն ու տոկունությունը օրինակ են բոլորիս համար:
Նա համոզմունք է հայտնել՝ Հայոց ցեղասպանությունն անվիճելի փաստ է, այս ողբերգության հետևանքները հնարավոր չէ ջնջել։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆ Է. ՍԵՆԱՏՈՐ
«Մենք, ավելի քան երբևէ, պարտավորված ենք Հայոց ցեղասպանության զոհերի առաջ՝ պաշտպանելու Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը». նման հայտարարությամբ հանդես է եկել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն էլ իր ցավակցությունն է հայտնել մեր երկրին` նշելով, որ ֆրանսիացիները կիսում են հայ ազգի ցավը։
Վալերի Բուայե (Ֆրանսիայի Սենատի անդամ) - Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական մեղմասությունն է»։
Մինչ օրս շարունակվող հայատյացության և հայերին ոչնչացնելու քաղաքականությանն է անդրադարձել նաև սենատոր Քրիստիան Կամբոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը մշտապես վտանգված են Ադրբեջանի կողմից:
«Երբեք չմոռանանք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության խիզախ պահապանն է, նա հաճախ վճարել է դրա համար ամենածանր գինը»,- նման համոզմունք էլ հայտնել է ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայեն:
Ֆրանսիան մշտապես իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին և ոչ միայն կոչերով։ Բանյո քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա են եղել մի շարք բարձրաստիճան ֆրանսիացի քաղաքական գործիչներ:
Ապրիլի 16-ին էլ Նիմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի և 1915 թվականի աղետի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՈՌԱՆԱԼՈՒ ԿՈՉ
Նիդերլանդները նույնպես միացել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը։ Մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել չմոռանալ 107 տարի առաջ իրականացված վայրագությունները։ Նշվում է, որ հոլանդահայ կազմակերպությունների ասոցիացիան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին.
Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը և հրատապությանն է անդրադարձել Հունաստանի ԱԳ նախարարը։
Նիկոս Դենդիաս (Հունաստանի ԱԳ նախարար) - Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են։ Ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը մարդկության ընդհանուր հանձնառությունն է։
Թբիլիսիում անցկացվել է «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» շարքի հերթական ցուցադրությունը։
Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Գերմանիայում, Արգենտինայում, Իսպանիայում, Բրազիլիայում։
Միջազգային հանրությունը միակարծիք է՝ մարդկության դեմ այս հանցագործությունը պետք է հիշվի և բարձրաձայնվի, եթե ցանկանում ենք՝ անցյալի աղետներն այլևս երբեք չկրկնվեն։