Տնտեսության աճի դանդաղում, գնաճի բարձր տեմպերի պահպանում: Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են աշխարհի տնտեսության 2022 թվականի նախկինում արված կանխատեսումները և նվազեցրել տնտեսական աճի սպասումները: Համաշխարհային բանկը 2022 թվականի համար աշխարհի տնտեսական աճի կանխատեսումը 4,1-ից իջեցրել է 3,2 տոկոսի։
Պատճառը ոչ միայն Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, այլև Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումները, էներգակիրների, պարարտանյութի, սննդամթերքի թանկացումը, ինչպես նաև կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականությունը:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Երկու լուրջ երկընտրանքներ են ծառացել երկրների տնտեսական քաղաքականություն մշակողների առաջ: Մի կողմից՝ դա գնաճ և տնտեսական աճի վերականգնում երկընտրանքն է, որովհետև կենտրոնական բանկերը աշխարհում պետք է ընտրեն՝ իրենք պայքարում են գնաճի դե՞մ՝ դրանով զոհելով տնտեսական աճը և տնտեսական աճի հեռանկարները, թե՞ ավելի մեղմ են գտնվում և թույլ են տալիս գնաճի արագացում:
Կառույցի կանխատեսմամբ՝ կաճի նաև համաշխարհային աղքատության մակարդակը: Համաշխարհային բանկը կանխատեսում է Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսությունների կտրուկ անկում, որի հետևանքները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները կզգան: Ակնկալվում է նաև, որ բենզինի գների աճով պայմանավորված՝ զարգացած երկրների սպառողները այս տարի կնվազեցնեն իրենց ծախսերը:
Նարեկ Կարապետյան - Կանխատեսումների շուրջ անսովոր մեծ անորոշություն է առկա, որովհետև ընդհանրապես մակրոտնտեսական կանխատեսումներ կատարողները նաև որոշակի միջակայք են տալիս, թե ինչ շրջանակում է պետք դիտարկել էդ կանխատեսումների շուրջ եղած անորոշությունը: Ներկայումս այդ անորոշությունը սովորականից շատ ավելի մեծ էր, ինչպես մեծ էին, օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի սկսման հենց ժամանակ արված կանխատեսումների շուրջ անորոշությունները:
Արժույթի միջազգային հիմնադրամն էլ իր ապրիլի զեկույցում կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3,6 տոկոս աճ: Սպասվում է 5,7% գնաճ զարգացած տնտեսությամբ երկրներում և 8,7%՝ ձևավորվող շուկաներում ու զարգացող երկրներում:
Նարեկ Կարապետյան - Արժույթի միջազգային հիմնադրամը հետաքրքիր ձևակերպում է տալիս, որ շոկը կարծես երկրաշարժ լինի, որը էպիկենտրոնից տարածվում է ապրանքային շուկաներով դեպի աշխարհի մնացած ծայրեր: Էս իրավիճակում Ուկրաինան ու Ռուսաստանը, հանդիսանալով ապրանքահումքային շուկաներում բավականին կարևոր մատակարարներ, մեծ անորոշություն են մտցնում շուկաների հեռանկարների հետ կապված, որը իր հետ բերում է գների մեծ աճ, և էդ գների մեծ աճը փոխանցվում է ամբողջ աշխարհի տնտեսության մեջ:
Մասնագետները վստահ են՝ առկա անորոշությունները կնվազեն միայն ռազմական գործողությունների ավարտի դեպքում, իսկ մինչև այդ եղած կանխատեսումները անընդհատ կարող են իրավիճակով պայմանավորված փոփոխությունների ենթարկվել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան