Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է ընդլայնել կրթության նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորությունները, իսկ զորակոչի տարիքային շեմը 27-ից դարձնել 28:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումների մասին նախագծով առաջարկվում է տարկետում տալ նաև պետության համար առաջնահերթ կարևորություն ունեցող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու դեպքում: Այդ մասնագիտությունների ու բուհերի ցանկը պետք է սահմանվի ավելի ուշ:
Գործող կարգավորումներով՝ պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրվում է այն դեպքում, երբ քաղաքացին օլիմպիադաների մրցանակակիր է, ընդունվել է աշխարհի լավագույն 50 բուհերից որևէ մեկը կամ կրթության և գիտության բնագավառներում ունի նշանակալից նվաճումներ:
Հովհաննես Գևորգյան (ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ) - Ստացվում էր էնպես, որ մեր երիտասարդները՝ շնորհաշատ երիտասարդները՝ տղաները, որոնք ցանկանում են կրթություն ստանալ և կրթության շարունակականությունը ապահովել, բակալավրիատի կրթական ծրագրով բացառապես օտարերկրյա պետություններում կարող են ուսումնառել, և այս փոփոխությունների նպատակը և անհրաժեշտությունը պայմանավորվեցին նրանով, որ մեր հայաստանյան բուհերին նույնպես տրվի հնարավորություն:
Հետագա ուսումնառության ընթացքում տարկետման իրավունքը կպահպանվի՞, թե՞ ոչ՝ կախված կլինի սովորողի առաջադիմությունից: Միջին որակական գնահատականը՝ ՄՈԳ-ը, պետք է լինի առնվազն 80:
Հովհաննես Գևորգյան - Այսինքն՝ դա շարունակական պահանջ է լինելու բոլոր կրթական ծրագրերի համար, և լավագույն որակներով մեր երիտասարդ ուսանողները առողջ մրցակցության տիրույթում կհայտնվեն, ինչը հնարավորություն կտա նաև մեզ հետագայում ունենալ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու մասնագիտացված կադրեր:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ բնագիտական ուղղվածության մասնագիտությունները այնքան էլ գրավիչ չեն երիտասարդների համար, և նախագծի հեղինակներն ակնկալում են, որ տարկետման իրավունքով սովորելու հնարավորությունը ավելի պահանջված կդարձնի դրանք:
Պաշտպանության նախարարությունը զորակոչի սահմանային տարիքի բարձրացումը նպատակահարմար չի համարում:
ՊՆ պատասխան - Զորակոչի սահմանային տարիքը սահմանված է ՀՀ արական սեռի բոլոր քաղաքացիների համար, և կրթության բոլոր աստիճաններով կրթական իրավունքն իրացնող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինելու սահմանային տարիքը նրանց կողմից տարկետում ստանալու հանգամանքի հետ փոխկապակցումն անհամապատասխանության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածների հետ:
Հիշատակված հոդվածները վերաբերում են օրենքի առջև ընդհանուր հավասարությանը և խտրականության արգելքին:
Կրթական գերատեսչությունը, մինչդեռ, նշում է, որ զորակոչի տարիքային շեմը 27 սահմանելու ժամանակ դպրոցում կրթությունը եղել է 10-ամյա, և քաղաքացիները, 17 տարեկանում ավարտելով դպրոցը, հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկանն ավարտել կրթությունը՝ բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: Պաշտպանական գերատեսչությունն ի պատասխան առաջարկում է քննարկել հանրակրթական ծրագիրը 11-ամյա դարձնելու հարցը:
Մնացածը համարում է քննարկելի՝ առաջարկելով պետության համար կարևոր մասնագիտություններով սովորողների համար տարկետման իրավունքը դիտարկել թե՛ պաշտպանության նախարարության կարիքների, թե՛ կրթության և գիտության ոլորտներում նշանակալի նվաճումների տեսանկյունից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան