Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին խորհրդանշական ծառատունկ է արվել Հաղթանակի զբոսայգում: «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում զբոսայգում տնկվել է մոտ 300 ծառ և թուփ:
Ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետը, մեր երկրում Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Ղազախստանի դեսպանները:
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ: Կոպիրկինը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և խաղաղապահների մասին:
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան) - Մեր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտնել ենք։ Եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն: Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի իշխանության: