Դպրոցի ճամփան Բերդի փոքրիկների համար դժվար էր, երկար: Փոխնորդ կոշիկներ ունենալու կարիք այլևս չի լինի: Բերդում ճանապարհաշինական չորս ծրագրից մեկը համար 4 դպրոց է տանում:
Անահիտ Աբգարյան (Տավուշի մարզի Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն) - Դպրոցի ճանապարհը նախկինում բարեկարգ չէր, և անձրևներից ջրափոսեր էին լինում, որ անհարմարություններ էր ստեղծում, այսուհետ և՛ մեր աշակերտները, և՛ ուսուցիչները դպրոց կգան բարեկարգ ու հարթ ճանապարհով:
Պետություն-համայնք գործակցությամբ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Բերդում 4 փողոց,1 խաչմերուկ, 1 բազմաբնակարան շենքի բակ է սալապատվում՝ 7400 մետր քառակուսի տարածք: Ծրագրի ընդհանուր արժեքը 394.500.000 դրամ է, համայնքի ներդրումը 30 տոկոս է՝ 119 մլն դրամ: 3400 մետր քառակուսին կսալապատվի գրանիտե սալերով, 4000 մետր քառակուսին՝ տուֆ քարով, կկառուցվի 500 քառակուսի հենապատեր և 2000 գծամետր ջրահեռացման համակարգեր՝ ճանապարհներին կից:
Ճանապարհների սալապատմանը զուգահեռ նաև ջրահեռացման համակարգն է նորացվում: Ներհամայնքային փողոցների նորոգման նախկին փորձը ցույց է տվել՝ քարե սալերով հիմնանորոգման պարագայում ճանապարհները մի քանի անգամ ավելի երկար կյանք են ունենում, քան ասֆալտապատ փողոցները:
Մհեր Պապյան (Բերդի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ) - Օգտագործում ենք գրանիտ, տուֆ, դրանց կյանքը, ասֆալտապատ ճանապարհների համեմատ, մի քանի անգամ երկար է, բացի այդ, վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ հատկապես կարիք չի լինում քանդել, քանդելու պարագայում արագ հավաքվում է:
Դպրոց տանող ճանապարհը գրեթե պատրաստ է, այս պահին շարունակվում են նաև Բերդի համայնքապետարանից դեպի Սորան դենդրոպարկ տանող փողոցի սալապատման աշխատանքները: Շինարարները վստահեցնում են՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ` տուրիստները ավելի բարեկարգ ճանապարհով կանցնեն` Տավուշի գրավչություններից ևս մեկը տեսնելու համար: