Հայաստանից ավելի շատ կենդանի անասնագլխաքանակ արտահանվում է, քան ներմուծվում: Հիմնականում Հայաստան են բերում տոհմային կենդանիներ՝ բուծելու նպատակով, ամբողջական քաշով արտահանում մորթի համար:
Նարեկ Հայրապետյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Այս չորս տարիների ընթացքում մոտ 65 հազար խոշոր եղջերավոր կենդանի է արտահանվել Հայաստանից, իսկ մանր եղջերավորների պարագայում` ռեկորդային՝ 273 հազարից ավելի:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալով՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է մոտ 38 հազար խոշոր և 103 հազար մանր եղջերավոր կենդանի: Տարիների կտրվածքով՝ Հայաստանում արտահանումը կայուն աճ է գրանցում: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ 2020-ին Հայաստանում հաշվառվել է ավելի քան 613 հազար, 2021-ին՝ 559 հազար խոշոր եղջերավոր: ՍԱՏՄ պետի տեղակալն անասնագլխաքանակի նվազումը խնդիր չի համարում, յուրաքանչյուր տարի թիվը տատանվում է, բացի այդ, արտահանումը միշտ նպաստում է ոլորտի զարգացմանը: Արտահանմանը նպաստել է կարանտինի գործընթացի խստացումը, նաև ավելացել են արտահանողները:
Նարեկ Հայրապետյան - Եթե նախորդ տարիներին ողջ գլխաքանակը մի քանի արտահանողի ձեռքին էր, ապա այսօր մենք ունենք բազմաթիվ արտահանողներ, դաշտը ազատականացվել է:
Մեկ տասնյակից ավելի ընկերություններ հիմա երկրից կենդանի քաշով արտահանմամբ են զբաղվում: Բացի այդ, արաբական երկրներում է տարեցտարի ավելանում մանր եղջերավորների պահանջարկը:
Նարեկ Հայրապետյան - Ունեցել ենք 646 հազար կենդանի, որից հետո 4 տարվա ընթացքում արտահանել ենք 270 հազար գլուխ, բայց 22 թվականի հունվարի 1-ի դրությամբ մանր եղջերավոր կենդանիների հաշվառում ունենք:
Երկրում անասնագլխաքանակի հստակ տվյալները միայն համատարած հաշվառումից հետո կլինեն, որի մեկնարկը նախատեսված է աշնանը: