ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր լրանում է 4 տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս եկավ փողոց հանուն ժողովրդավարության, հանուն իր իրավունքների, հանուն պետականությունն ու ժողովրդին քամող կոռուպցիոն մեքենայի մերժման։ Քաղաքացին դուրս եկավ ու թելադրեց իր կամքը, թելադրեց իր իշխանությունը, իր կանոնները։
Այսօր, սիրելի քաղաքացի, քեզ փորձելու են համոզել, որ դու սխալվել ես։ Սխալվել ես, երբ ելել ես անարդարության դեմ, երբ ելել ես կոռուպցիայի դեմ, երբ ելել ես թալանի դեմ։ Փորձելու են համոզել, որ հենց քո այդ պայքարն ու պայքարում քո տարած հաղթանակն էին պատճառը, որ տեղի ունեցավ պատերազմական պարտությունը։
Փորձելու են համոզել, որ եթե ինքդ քեզ որոշողի ու կամ արժեքավոր մեկի տեղ չդնեիր, թողնեիր, որ մարդիկ Բադեն-Բադենի կազինոներից Տանզանիայի առյուծի որսի սավաննաներ ու հակառակ ուղղություններով կյանք վայելեին, իրենց փեսաներն էլ տարբեր ստրատեգիական նշանակության պետական օբյեկտներ գրպանեին ջրի գնով, քավորներն ու սանիկները էս կամ էն ապրանքի ներմուծման մենաշնորհն ունենային երկրում, որդիները, եղբայրների որդիները կամ չծառայեին բանակում, կամ Երևանում մի զորամասի վրա գրանցված կյանք վայելեին, ԴԱՀԿ պետերը պանամաներում 700 և ավել միլիոն դոլար ունենային պահած, ա՛յ այդ ժամանակ վստահաբար պատերազմում պարտությունը տեղի չէր ունենա։
Քեզ, սիրելի քաղաքացի, սա փորձելու են համոզել անդադար, փորձելու են համոզել չտեսնված լկտիությամբ։ Բայց ես վստահ եմ, որ դու դրան չես հավատալու։ Չես հավատալու ոչ էն պատճառով, որ հիմա Հայաստանում կա անսխալական ու կամ իդեալական կառավարող կուսակցություն, այլ այն պատճառով, որ Հայաստանում այլևս դու ես ընտրում կառավարող ուժը, ու դու այս ու հաջորդ բոլոր կառավարող ուժերին փոխելու ես միայն ավելի լավով ու միայն քո կամքով, իսկ սեփական կերակրատաշտը կարոտած ու դրան վերադառնալու համար «Բայրաքթարի» ամբասադոր դարձած ողբի սպեկուլյանտները հավերժ մնալու են էնտեղ, ուր դու նրանց ուղարկել ես 2018-ին»։