Սյուզաննա Հովսեփյան (44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Հովսեփյանի մայրը) - Շատ նման է Նարեկիս, դեմքի փոքրությունը, նրբությունը, աչքերը, բերանը, լրիվ Նարեկս ա: Առաջին անգամ որ գրկեցի, ես մի պահ պատկերացրի, որ Նարեկիս եմ գրկում, էդքան նման էր:
Ձախից նորածին Նարեն է, աջից՝ ավագ եղբայրը՝ Նարեկը: 23 տարվա տարբերություն ու երբեք միմյանց չհանդիպելու հեռավորություն կա քրոջ ու եղբոր միջև: Նարեկը զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ:
Աստղիկ Հովսեփյան (44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Հովսեփյանի տատիկը) - Նարեկս ծառայում էր Մարտակերտում: 1 տարի 2 ամիս էր, ինչ ծառայում էր, որ էդ չարաբաստիկ պատերազմը սկսվեց: Երևի թե Նարեկս ա ուղարկել էդ հրեշտակին, որ իրա մաման, պապան մխիթարվեն մեր Նարեով:
3 կգ 200 գրամ քաշով ու 51 սմ հասակով փոքրիկը մի քանի օր է՝ տանն է, բայց իր օրենքներն է թելադրել, բոլորին ստիպում է ժպտալ:
Սյուզաննա Հովսեփյան - Տունը ջերմությամբ լցվել ա, առաջ որ նստում էինք, ոչ խոսում էինք իրար հետ, լուռ, Նարեն մի ուրախություն լցրեց մեր տանը:
Նարեի ծնունդը վերականգնել է ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը:
Աստղիկ Հովսեփյան - էն ժամանակ որ ասում էր՝ Նարե՛կ, կուզե՞ք մի հատ քույրիկ ունենանք, Նարեկը շատ դեմ էր, ասում էր՝ մա՛մ, մենք մեծ ենք, ամո՞թ չի:
Մայրը համոզված է՝ փոքրիկին Նարեկը շատ կսիրեր: Աղջիկը դարձավ մոր նվերը՝ Մայրության տոնի առթիվ: Նարեն ապրիլի 7-ին է ծնվել:
Սյուզաննա Հովսեփյան - Աստված երևի էդպես կամեցավ, պատահական իմացանք, որ բալիկի եմ սպասում, շատ ուրախացանք բոլորս, ու հենց իմացա, որ բալիկի եմ սպասում, իմ մտքով անցավ, որ հաստատ աղջիկ ա լինելու:
Նարեին պատրաստվում են մեծացնել, ինչպես ավագ եղբայրը կաներ՝ մի փոքր խիստ, սպորտսմենին հատուկ կարգուկանոնով ու անսահման սիրով:
Ծառայությունից առաջ գրած ու պահ տված նամակներից հասկացել են, որ գուցե Նարեկն արդեն իր ընտանիքն ունենար, եթե ողջ լիներ:
Աստղիկ Հովսեփյան - Ես ուզում եմ, որ ես ու Ռուզաննան հասնենք իրար, ամուսնանանք:
Տիկին Սյուզաննան 18 տարեկանում Նարեկին է լույս աշխարհ բերել, 39-ում՝ Նարեին: Նոր համալրումներին էլ դեմ չէ:
Սյուզաննա Հովսեփյան - Կցանկանամ բոլոր մամաներին էլ՝ թող ունենան, թող չվախենան, մի տեսակ կյանքը փոխվում է: