Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ Հայաստանը քրեական հետապնդում է սկսել: 44-օրյա պատերազմի ընթացքում նրանք կոպտորեն խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ազգային ժողովում դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:
ՔՆՆՎԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2150 ՔՐԳՈՐԾ
«Գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ»:
Հավաքագրված վարձկանները անարգել տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից էլ՝ Ադրբեջան: Հենց այնտեղ էլ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը և սպանելու ու խոշտանգելու հրահանգավորումը: Այս գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել երկու սիրիացի վարձկան: Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականի ընթացքում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2000-ից ավելի գործ, պարզվել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել:
Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Տարվա ընթացքում վարույթում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել:
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 443 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Մյուս առաջնահերթությունը, որի մասին խոսեց գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է:
«Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի։ Այդ անձանցից մոտ 600-ը, հանդիսացել են պաշտոնատար անձինք։ Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի»:
2021-ի ավարտին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Դավթյանն անդրադարձավ նաև դատախազության նոր գործառույթին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, նշեց՝ նախորդ տարի 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել, ավարտվել է 14-ինը:
որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ գումար: Այս պահի դրությամբ դատարան է ներկայացվել 6 հայց, որոնցով այս ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու պարագայում կարող եմ ասել, որ հայցագինը կազմում է շուրջ 40 միլիարդ դրամ»:
Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև աղմկոտ քրեական գործերին. նշեց՝ մեծ սպասումներ ունի հատկապես Հոկտեմբերի 27-ի գործով, որը վերաբացվել է մոտ երկու տարի առաջ: Պետք է պարզվի հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց, կազմակերպիչների շրջանակը:
«մենք մեր հանրությանը հետաքրքրող բազում հարցեր, իսկ որ շատ ավելի կարևոր է քրեական գործի քննության առարկա հանդիսացող հանգամանքների օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել»:
ԻՆՉՈՒ Է ՏԱՐԱԿՈՒՍԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ
Ինչպես է վաճառվել Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը և ինչու է տարակուսել գլխավոր դատախազը: Այս հարցը եւս քննարկվեց:
«Ինչո՞ւ եմ ասել՝ տարակուսած եմ, որովհետև մենք ունեցել ենք օրենքով նախատեսված և պրակտիկ համագործակցություն նախաքննական մարմնի հետ։ Դա այն է, որ յուրաքանչյուր այն դեպքում, երբ գույքի հետ կապված նախաքննական մարմինը սահամանափակումեր է կիրառել, դրանք կիրառվել են համապատասխան դատավարական որոշումներով, որոնց մասին մենք տեղեկացել ենք»:
Կոնկրետ այս իրավիճակում դատախազությունը բողոք է պատրաստել և հանկարծ տեղեկացել, որ նախաքննական մարմինն արդեն իսկ այդ սահմանափակումը հանելու ուղղությամբ գործողություններ է կատարել, պարզաբանեց դատախազը: Այս դեպքից հետո ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
«Մենք այդ գույքը հիմա այդ քրեական գործով ճանաչել ենք իրեղեն ապացույց, կրկին միջոցներ ենք ձեռնարկել՝ սահմանափակումներ կիրառելու, որպեսզի գոնե նոր գործարքներ չիրականացվեն»:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ԴԱՎԹՅԱՆ
Գլխավոր դատախազը հերքեց նաև պնդումները, թե ծանր վիրավորանքը քրեականացնող դրույթը կիրառվում է միայն պաշտոնատար անձանց պաշտպանելու նպատակով:
«Պետությունը պոզիտիվ պարտավորություն է ստանձնում պաշտպանելու հանրությանը ոչ թե կոնկրետ անձին, պաշտպանելու հանրությանը այս ատելության խոսքից: Էսօրվա մեր քրեական հետապնդումների նաև դատարան ուղարկված քրեական գործերի պրակտիկան բացարձակապես չի վկայում որ այս քրեական գործերով տուժողներ են կամ ծանր վիրավորանքի են արժանացել միայն պաշտոնատար անձինք, ունենք նաև ընդդիմադիր գործիչներ»:
Ամփոփելով 2021-ի աշխատանքը՝ Դավթյանը այն բնորոշեց ծանրաբեռնված: Նշեց՝ 2021թ. ընթացքում բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է ավելի քան 45 հազար քրեական գործ: 2020 թվականից 10 000-ով ավելի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան