Այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է: Այս մասին Կառավարության նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է և դրան մեր արձագանքը, որն ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների, ելույթների ընթացքում: Այս գործելակերպը մենք շարունակելու ենք նաև հետագայում, անքանով, որքանով թույլ կտա դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկան»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին հայտարարություններին հաջորդած շահարկումներին, Փաշինյանը նշեց.
«ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավել:
2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Փաշինյանը նշեց նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովը: Բացի դրանից՝ ըստ վարչապետի, նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 1999 թվականի «Ընդհանուր պետության» գաղափարը:
«Նշաձող իջեցնելու այդպիսի հորդոր էր 2001 թվականի քիվեսթյան գործընթացը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016 թվականի հունվար-հուլիս-օգոստոսի 3 առաջարկները: Նշաձողն իջեցնելու այդպիսի ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-կաններից միջազգային տարբեր ատյաններից ընդունած տարբեր փաստաթղթեր: Այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել»,- ասաց նա: