ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԻՇԵԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ-ԻՆ ԵՎ ՀՀ-ԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման կարևորությունը:
Այդ համատեքստում Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՆԱԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը ներկայացրել է խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շարունակական միջոցառումների, մարդասիրական միջանցքների ամենօրյա բացման և մարտական գոտուց խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար լռության ռեժիմի հայտարարման մասին։
Արձագանքելով Շառլ Միշելի՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ անմիջական կապ հաստատելու կոչին, Ռուսաստանի նախագահը վերահաստատել է այս հարցում հայտնի դիրքորոշումը՝ նշելով, որ նման հնարավորությունը կախված է, մասնավորապես, ռուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ արդյունքներից։
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններին է անդրադարձել Մոսկվան: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղազախ գործընկեր Մուխտար Տլեուբերդիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Լավրովի խոսքով՝ Կիևից հնչող հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ուկրաինական կողմին բանակցություններ պետք չեն։
Ռուս-ուկրաինական բանակցությունները Թուրքիայում անցկացնելու առաջարկ է արել Ռեջեփ Էրդողանը: Անկարան ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գործընթացը շարունակելու համար և պատրաստ է երկխոսություն կազմակերպել այդ պետությունների ղեկավարների մակարդակով, հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի խոսքով` եթե երկու հարևան երկրների նախագահներն ընդունեն թուրքական կողմի հրավերը, ապա բարձր մակարդակով հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։ Էրդողանը ուկրաինա-ռուսական բանակցություններում առաջընթացի հույս է հայտնել։
ԶԵՆՔԸ, ԻՆՉՊԵՍ ՓՈՂԸ, ՍԻՐՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒԼԵԲԱ
Զենքը, ինչպես փողը, սիրում է լռությունը. մենք չենք բարձրաձայնելու, թե որ երկրից ինչ է հասնում Կիև՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան նշել է նաև, որ իրենց համար պարզ է այն երկրների ցանկը, որոնք կարող են ինչ-որ բանով օգնել Ուկրաինային, բայց դա չեն անում՝ Ռուսաստանի հետ հակասություններ չունենալու համար:
Ուկրաինայի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Ուկրաինան կհաղթի Պուտինին, եթե բավականաչափ զինամթերք ստանա:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է
Մի քանի ժամից կավարտվի Ֆրանսիայի նախագահի ընտրության քարոզարշավի վերջին օրը: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարի դուրս եկած գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենն այսօր վերջին անգամ հանդիպել են իրենց համախոհներին: Քարոզարշավի վերջին օրը Լը Պենը կոչ է արել ֆրանսիացիներին կարդալ իր նախընտրական ծրագիրը և սթափվել` Մակրոնի ձախողումները տեսնելով: Ֆրանսիայի գործող նախագահն էլ Լը Պենին մեղադրել է Ֆրանսիայի հասարակությանը մասնատելու փորձերի համար՝ մրցակցին կոչ անելով թույլ տալ ֆրանսիացիներին շարունակել ապրել՝ որպես միասնական ազգ:
Մակրոնի ու Լը Պենի` օրերս կայացած հեռուստաբանավեճը տևել է ավելի քան երեք ժամ. առաջին հարցումների արդյունքներով՝ 60%-ը ավելի համոզիչ է համարել Էմանուել Մակրոնի խոսքը:
ՄԱՐՍԵԼԻ ՖԱՐՈ ՊԱԼԱՏԸ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է ՀՀ ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ
Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մարսելի քաղաքապետը Թվիթերի իր էջում գրել է՝ «Այս գիշեր Մարսելում Ֆարոն լուսավորվել է` ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով: Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ ազգայնականության վայրենի գազանը գլուխ բարձրացնի»: