ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՄՍԱԿԱՆ 7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ՊԵՏՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ուկրաինային ամսական 7 միլիարդ դոլար է անհրաժեշտ՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տնտեսական կորուստները վերականգնելու համար՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ժամանակ: Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել հեռացնել Ռուսաստանին միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից: Նա նաև առաջարկել է ռուսական ակտիվների սառեցման ու սահմանափակումների արդյուքնում կուտակված գումարներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը: Համաշխարհային բանկի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժուման հետևանքով Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասել է մոտ 60 միլիարդ դոլարի և դեռ կմեծանա, քանի դեռ պատերազմը շարունակվում է: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն կարող է նվազել 30%-ից մինչև 50%-ով, իսկ ուղղակի և անուղղակի կորուստները կազմում են 560 մլրդ դոլար: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ այդ գումարը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի տնտեսությունը:
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ. ԲԱՅԴԵՆ
Ռուսաստանի նախագահը ձախողել է մարտի դաշտում ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄն նախագահը: Ջո Բայդենը նշել է, որ դեռ հստակ չէ, թե որքան կտևի պատերազմը, բայց քանի որ լրանում է հակամարտության երկու ամիսը մի բան հստակ գիտի՝ Պուտինը չի կարողացել հասնել իր մեծ հավակնություններին մարտի դաշտում: «Շաբաթներ շարունակ գնդակոծվելուց հետո Կիևը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունը դեռևս մնում են իշխանության ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը, որոնց միացել են ուկրաինացի խիզախ քաղաքացիները, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկրի նվաճումը»,-գրել է ԱՄՆ նախագահը: Օրեգոն նահանգում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ էլ ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Վաշինգտոնը զորք չի ուղարկի Ուկրաինա: Ջո Բայդենն շեշտել է, որ ամերիկացի ոչ մի զինվոր որք չի դնի Ուկրաինայի տարածք՝ «երրորդ համաշխարհային պատերազմի» ռիսկից խուսափելու համար: ԱՄՆ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու վրա` հաստատել է Բայդենը: Ավելի վաղ Սպիտակտան առաջնորդը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կուղարկի 800 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի և անօդաչու թռչող սարքեր:
ԵՄ-Ն ԴԵՌ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ՌԴ ՆԱՎԹԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ
Եվրամիությունը դեռ չի պլանավորում ընդհանուր արգելք սահմանել ռուսական նավթի մատակարարումների վրա, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկիր սպառնացել են արգելափակել այդ որոշումը, եթե այն քվեարկության դրվի՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Ռուսական ածխի մատակարարման արգելքից հետո ԵՄ երկրները, այդ թվում՝ Լեհաստանը և Ֆրանսիան, կողմ են ռուսական էներգակիրների ամբողջական մերժմանը, իսկ Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան դեմ են դրան։ Բորելի խոսքով՝ ԵՄ երկրները կամավոր հիմունքներով աստիճանաբար կրճատում են նավթի ներկրումը Ռուսաստանի։
ԵՎՐՈՊԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ. ՄԱԿՐՈՆ
Ռուսական գազի էմբարգոյի թեմային է անդրադարձել նաև Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը նշել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների էմբարգո սահմանելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ Ուկրաինայի դեմ սահմանվող պատժամիջոցների շրջանակներում, սակայն այս պահին հարցը չի քննարկվում։ «Ածխի և նավթի շուրջ արդեն բանակցություններ ընթանում են, գազի շուրջ դեռ՝ ոչ»,- նշել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն ավելացրել է, ռազմական գործողությունների ամեն հաջորդ օրը, «նվազեցնում է բնականոն կյանքին վերադառնալու նրա հնարավորությունները» և նվազեցնում է տևական խաղաղություն կառուցելու Եվրոպայի ունակությունը:
GPS ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՋԱՏՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
«Ռոսավիացիան» խորհուրդ է տվել փոխադրողներին պատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը։ «Ռոսավիացիան» հանձնարարել է պետական կորպորացիային՝ աջակցություն ցուցաբերել օդանավերի անձնակազմերին GPS-ի անջատման ժամանակ: Օդաչուներին խորհուրդ է տրվում վերահսկել ինքնաթիռների դիրքը ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ մի շարք շրջանների անմիջական մերձակայքում թռիչքները կատարելիս, ստուգել ռադիոտեխնիկական միջոցների հասանելիությունը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն տվյալ երթուղով թռիչքի և վայրէջքի գնալու համար: Ավելի վաղ, ԱՄՆ-ում հայտարարել էին, որ պատժամիջոցների շրջանակում դիտարկում են GPS նավիգացիոն համակարգից Ռուսաստանին հեռացնելու հնարավորությունը: