ՊԵՍԿՈՎԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին հավաստի տեղեկություններ ստանալու հարցում առաջնորդվեք միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալներով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագաի մամուլի քարտուղարը: Դմիրտրի Պեսկովն անդրադարձել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարություններին, թե Մարիուպոլի վերահսկողության վերաբերյալ Շոյգուի՝ ՌԴ նախագահին ներկայացված զեկույցն ապատեղեկատվություն է: Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ռազմական գործողության ընթացքը՝ պարզաբանելով, որ Մոսկվան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի մեկնաբանում հատուկ գործողության մանրամասները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև գազի դիմաց ռուբլով վճարելու քաղաքականությանը՝ շեշտելով ռուսական՝ գազի դիմաց ռուբլով վճարմանն անցումը հետաձգելու մասին խոսք լինել չի կարող:
ԿԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ՝ ԱՐԳԵԼԵԼ ՌԴ ԳԱԶԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ՏԵՂԻՆ ՉԷ. ՇՈԼՑ
Ռուսական գազի էմբարգոն այս օրերին աշխարհի առաջնորդների քննարկումների գլխավոր հարցերից մեկն է: «Կիևի պահանջը՝ անհապաղ արգելել Ռուսաստանից գազի ներմուծումը՝ տեղին չէ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Օլաֆ Շոլցի կարծիքով՝ դա չի դադարեցնի հակամարտությունն Ուկրաինայում: Նա նաև քննադատել է այն տեսակետը, որ Բեռլինը, շարունակելով ստանալ ռուսական գազ, «հովանավորում է» Մոսկվայի ռազմական հատուկ գործողությունը։ «Մենք պարզապես ցանկանում ենք խուսափել ծանր տնտեսական ճգնաժամից, միլիոնավոր աշխատատեղերի կորստից, գործարանների սնանկացումից. մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ավելացրել է Շոլցը։
ԼՈՆԴՈՆԸ ԿԻԵՎՈՒՄ ԿՎԵՐԱԲԱՑԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Լոնդոնը կվերաբացի Կիևում իր դեսպանատունը: Հնդկաստան երկօրյա այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ ծրագրում են հաջորդ շաբաթ վերաբացել դեսպանատունը: Բորիս Ջոնսոնը նշել է, որ որոշումը կայացրել է՝ ոգեշնչվելով ուկրաինայի բանակի համառությամբ և գրանցած հաջողություններով: Նա նաև հաստատել է, որ Լոնդոնը կանի ամեն հնարավոր բան՝ Կիևին օգնելու համար: Բրիտանիան փետրվարին հայտարարեց, որ Կիևում իր դեսպանատան գրասենյակը ժամանակավորապես տեղափոխում է Լվով:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ՝ G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը: Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության ղեկավարը, որն այս տարի նախագահում է G20-ը, ասել է, որ գագաթնաժողովին հրավիրված են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահը։ Մինչդեռ ԱՄՆ-ը պնդում էր, որ Ռուսաստանին չպետք է թույլ տալ մասնակցել G20-ի գագաթնաժողովին:Չինաստանն էլ կոչ է արել G20-ն օգտագործել՝ քննարկելու միջազգային ֆինանսա-տնտեսական հարցերը, այլ ոչ թե Ուկրաինայի իրավիճակը: Հայտնի է, որ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունների մասին և ափսոսանք Է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել Էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում: Քահանայապետը նշել է, որ դիվանագիտությունը եկել Է այն եզրակացության, որ այս օրերին հանդիպումը կարող Է հանգեցնել մեծ խառնաշփոթի: Հռոմի Ֆրանցիսկոս պապն, անդրադառնալով, Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն այցին, նշել է, որ եղել է մենակ, իսկ որոշումն՝ անձամբ է կայացրել:
ՄԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՏՎՅԱԼ ՉՈՒՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը տվյալներ չունի, որոնք հաստատում են, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում ցեղասպանություն է տեղի ունեցել. այսօր Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել Է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի իրադարձությունները ցեղասպանություն էր որակել, ինչը ոչ միանշանակ արձագանք էր ստացել անգամ դաշնակից երկրներում: