Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը նախօրեին կանչվել է Արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարարություն՝ Մոլդովայի ղեկավարության հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի քննադատության պատճառով։
Պետքարտուղար Ռուսլան Բոլբոչանի հետ հանդիպման ժամանակ ռուս դիվանագետին խնդրել են չմիջամտել Մոլդովայի ներքին, ժողովրդավարական ու իրավական գործընթացներին։
Զախարովան վրդովեցուցիչ և ոչ բարեկամական քայլ է անվանել Մոլդովայի՝ Գեորգիևյան ժապավենն արգելելու որոշումը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նման որոշումները չեն համապատասխանում Մոլդովայի ղեկավարության հայտարարություններին՝ հանրապետության չեզոք կարգավիճակին հավատարիմ լինելու և բոլոր բնակիչների իրավունքների ու շահերի հարգման վերաբերյալ: Զախարովան անընդունելի է համարել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունները, որոնցում նա նշել է, որ Գեորգիևյան ժապավենի տեղը «պատմության աղբանոցում է»։
Այս խորհրդանիշը կրելու, ցուցադրելու և տարածելու համար ֆիզիկական անձանց համար նախատեսված է տուգանք՝ 4,5 հազար լեյից մինչև 9 հազար լեյ (250-ից մինչև 500 դոլար)։
Որոշումը խստորեն դատապարտել են Մոլդովայի և Մերձդնեստրի քաղաքական գործիչները, ինչպես նաև Մոլդովայի մի շարք հասարակական կազմակերպություններ։ Նախագահ Սանդուի խոսքով՝ արգելքի նպատակն է ցուցադրել համերաշխություն, ինչպես նաև պահպանել հանգստություն Մոլդովայի հասարակությունում: