Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով՝ այս մասին Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականների 34-րդ նիստին հայտարարեց Ռուսաստանի Դաշնային ժողովի խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը: ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն էլ կարևորեց ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մեր երկրների դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության, դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության ու փոխադարձ աջակցության վրա և համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով:
Վիկտոր Բոնդարև (Ռուսաստանի Դաշնային ժողովի խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ) - Ուրախալի է, որ ավելացել է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը: Երիտասարդ մարդիկ գալիս են, ծանոթանում Հայաստանի պատմությանը, մշակույթին, մասնակցում ընկերությունների հիմնմանը: Դա կխթանի երիտասարդների միջև կապերի ամրապնդումը: Նախանշել ենք հայ ուսանողների համար որոշակի քվոտաների հատկացում ռուսական բուհերում, որը կբարձրացնի Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնասիրության մակարդակը:
Ստեփանավանում անցկացվող նիստին Արշակյանը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում նիստերի անցկացումը թույլ է տալիս տեղում ծանոթանալ մարզերի հնարավորություններին, նախանշել հետագա գործակցության կոնկրետ քայլեր: Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները:
Երկու երկրների խորհրդարանականները խոսել են համատեղ ծրագրերի իրագործման, միջազգային հարթակներում գործակցության խորացման և տնտեսական կապերը զարգացնելու կարևորության մասին: Նախատեսվում է խթանել Հայաստանում ռուսաց լեզվի և ՌԴ-ում հայերենի տարածումը: Հայաստանի խորհրդարանի ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կարևորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցներով:
Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում` այս տարվա հուլիսին:
Իսկ Ստեփանավանում նիստի անցկացումից առաջ, Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում այսօր տեղի է ունեցել Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման արարողությունը: Քանդակագործը Շավարշ Հովհաննիսյանն է:
Հակոբ Արշակյան - Այս արձանի տեղադրումը հաստատում է Ռուսաստանի մեծ զավակի հանդեպ հարգանքը և վառ վկայությունն է բարեկամության ու փոխըմբռնման դարավոր ավանդույթների, որոնք ձևավորվել են մեր ժողովուրդների միջև: Խորհրդանշական է, որ արձանը կանգնեցվում է մեր երկրների համար նշանակալից այս տարում:
Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության` Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևը ծառ են տնկել հուշարձանին հարող տարածքում: