Պատերազմի և քովիդի պատճառով 2021-ը մեկնարկեց լարված ֆինանսատնտեսական միջավայրով. այս մասին հայտարարեց ֆինանսների փոխնախարարը՝ ներկայացնելով 2021-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Հարկաբյուջեtային քաղաքականությունն ուղղված էր տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, նպատակն էր կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ճանապարհով հասնել տնտեսական ներուժի վերականգնմանը՝ ապահովելով պարտքի կայունությունը:
147 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Արմեն Հայրապետյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - 21-ին համախառն ներքին արդյունքի աճը կազմեց 5,7 տոկոս` տարեսկզբին կանխատեսվող 3,2-ի դիմաց:
Հարկային եկամուտների, տուրքերի պլանը, ըստ փոխնախարարի, գերակատարվել է մոտ 147 մլրդ դրամով, նախորդ տարվա համեմատ աճը 14,5 տոկոս է: Արդյունքում՝ հարկեր - ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0,3 տոկոսով, 21-ին արձանագրվել է, Հայրապետյանի խոսքով, պատմական ամենաբարձր՝ 22,7 տոկոս հարկեր-ՀՆԱ մակարդակ:
Արմեն Հայրապետյան - Հնարավոր եղավ ներգրավել մոտ 320 մլրդ դրամի զուտ ֆինանսական միջոցներ` պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսված 341 միլիարդի դիմաց: Բնականաբար, պարտքը պետք է մեծանար, բայց պարտքը մնում է ՀՆԱ-ում կայուն, պարտքի նվազումը կազմեց 3.8 կետ, որը վերադարձրեց Կառավարության վստահությունը ավելի ապահով կառավարման միջակայք:
Ծախսը մոտ 2 տրիլիոն դրամ է՝ նախատեսվածից մոտ 153 մլրդ դրամով ավելի: Փոխնախարարի խոսքով՝ 2021-ի կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ 100 տոկոս՝ կազմելով 216 մլրդ դրամ: Քովիդի հետևանքների չեզոքացման միջոցառումների համար ծախսվել է 54.6 մլրդ, պատերազմի հետևանքները մեղմելու ծրագրերի համար՝ 132.9 մլրդ դրամ:
Վարչապետի խոսքով՝ 2022-ի բյուջեի եկամուտները և ծախսերը ևս խոշոր չափով ավելացվել են: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է երկու կարևոր ցուցանիշ. առաջին՝ ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարվել են բյուջեի եկամուտները, և երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերը 100 տոկոսով իրականացվել են:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հունվար-փետրվարին լավատեսական տրամադրություններով էինք իրականացնում, փետրվարի վերջին, մարտին աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք: Մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար կոնկրետ հիմքեր կան, որովհետև առայժմ այս պահին շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով, պետք է ջանքեր գործադրենք, չնայած նշաձող չենք դրել:
2022-Ի ՄԱՐՏԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ
Վարչապետն աշխատատեղերի 2022 թվականի մարտի ցուցանիշը բացարձակ ռեկորդ համարեց Հայաստանի ամբողջ պատմության համար: Մարտին արձանագրվել է 654.784 վճարվող աշխատատեղ, որը 2021-ի մարտի համեմատ ավելի է 32.622-ով կամ 5,3 տոկոսով, 2019-ի նկատմամբ՝ 70714-ով կամ 12,1 տոկոսով, 2018-ի մարտի համեմատ՝ 120.660-ով կամ 22,4 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - 2022-ի մարտի տվյալները պատմականորեն զիջում են միայն 2021-ի դեկտեմբերի տվյալներին, որը էլի բացարձակ ռեկորդ է եղել, իսկ դեկտեմբերը միշտ՝ բոլոր տարիներին, համարվել է ամենաշատ աշխատատեղերով ամիսը: 2018-ից ի վեր ունենք 120.660 նոր արձանագրված աշխատատեղ:
Փաշինյանն ընդգծեց մեթոդաբանության խնդիրը, ինչի պատճառով հնարավոր չի լինում որոշել՝ որոնք են նոր ստեղծված, որոնք` ստվերից դուրս եկած աշխատատեղերը:
Մարտի միջին ամսական աշխատավարձը կազմել է 243.607 դրամ, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 32.202 դրամով կամ 15,2 տոկոսով, 2019-ի համեմատ` 59.730 դրամով կամ 32,4 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավելի է 69.530 դրամով կամ 39.9 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Ցուցանիշները կարևոր են, քանի որ գերազանցում են գնաճի ցուցանիշները, խոսքն այն հատվածի մասին է, որոնք աշխատում են: Չի նշանակում, թե գնաճը նեգատիվ ազդեցություն չի ունենում մարդկանց կենսամակարդակի վրա, ցանկացա ի ցույց դնել, որ հավասարակշռող գործոններ կան:
2021-ԻՆ 146 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԲԻԶՆԵՍԻՆ
2021-ին 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին` 70 միլիարդով ավելի 2018-ի համեմատ: Փաշինյանը կարևոր որոշում համարեց եկամտահարկի համահարթեցումը: Ակնկալիքն էր՝ նվազեցնելով եկամտահարկի դրույքաչափը՝ ավելի շատ հարկ հավաքել:
Նիկոլ Փաշինյան -2021-ն ամփոփելով՝ արձանագրում ենք, որ ընդհուպ մինչև 13 և ավելի տոկոս սեգմենտով եկամտային հարկը նվազել է, բայց 2021-ին 2018-ի համեմատ 97 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ ենք հավաքել, 200 մլն դոլարով ավելի շատ ցածր դրույքով, քան 2018-ին: Ընդ որում՝ այստեղ հաշվարկված չէ եկամտային հարկի վերադարձը: 2021-ին վերադարձրել ենք շուրջ 30 մլրդ դրամից ավելի եկամտային հարկ, 2018-ին վերադարձվել է 5 մլրդ դրամի հարկ:
Կառավարման, որակի, կոնկրետ արդյունքի մասին ցուցանիշներ են, նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ Արևելյան գործընկերության երկրների հետազոտությամբ Հայաստանը կառավարման որակի տողով ամենամեծ առաջընթացն արձանագրած երկիրն է:
24 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՃՈՒՂԱՎԱԶՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գործադիրը 24 միլիոն դրամ հատկացրեց մայիսի 14-ին Տավուշի մարզում «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացման համար: 1-ին տեղ զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 4 միլիոն, 2-րդը՝ 2.5 միլիոն, 3-րդ տեղը`1.5 միլիոն դրամով: Դրամական պարգև կտրվի հաղթող մարզչին ու աշակերտներին: Թիմային մրցաձևերի անցկացման նպատակը, ըստ վարչապետի, հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավումն է:
Նիկոլ Փաշինյան - Արձանագրեցինք, որ ոչ բոլոր դպրոցներն ունեն ենթակառուցվածքներ, կան դպրոցներ, ուր մարզման պայմաններ չկան, խնդիր ենք դրել առաջիկա 5 տարում լուծել խնդիրը, առաջ եկավ գաղափար վարչապետի գավաթի ներքո անցկացնել մրցաշար թիմային մրցաձևի, որ թանկարժեք ենթակառուցվածքների անհրաժեշտություն չլինի, հայտնաբերեցինք մարզաձև` բացօթյա կրոս:
Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց մրցաշարի մասին պատշաճ իրազեկումն ու անցկացումը: