Ապրիլի 20-ին Հաագայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո։
Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի և ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ այդ ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու:
Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Նիդերլանդներում հայ համայնքի կողքին կանգնելու համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև խորհրդարանականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար և հույս հայտնեց, որ Նիդերլանդների կառավարությունը ևս մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Հիշատակի երեկոն ավարտվեց Zwarte Zee հնգյակի կողմից հայ անվանի երգահանների ստեղծագործությունների կատարումներով։