Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի 22-ին Ստեփանավանում:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նա կարևորել է տարածաշրջանում կայունության հաստատումը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Վիկտոր Բոնդարևն անդրադարձել է միջխորհրդարանական նպաստավոր համագործակցությանը, մի շարք ոլորտներում կապերը խթանելուն ուղղված նախաձեռնություններին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին կարևորել է ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում:
Ողջույնի խոսքում նա նշել է, որ հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում թույլ է տալիս տեղում ծանոթանալու մարզերի հնարավորություններին, նախանշելու հետագա համագործակցության կոնկրետ քայլերը:
«Մեր երկրների դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության և փոխադարձ աջակցության վրա և համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցին, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում և այլ խորհրդարանական կառույցներում:
Խոսելով այսօրվա նիստի օրակարգային հարցերի մասին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ կնախանշվեն արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:
«Պետք է հետևողականորեն զարգացնել առկա ձեռքբերումները և ձգտել ավելի նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նա:
Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում ավանդական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է եղել օրենսդրական մոտարկման, տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերին, ընդգծվել է ԱՊՀ ՄԽՎ-ի և ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է հանձնաժողովի շրջանակում խմբի ստեղծման հնարավորության հարցը, որը ոլորտային ուղղություններով կքննարկի երկկողմ օրակարգի խնդիրները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսել է տնտեսության, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ կապերի ու ծրագրերի մասին: Նա կարևորել է համատեղ կազմակերպությունների հիմնումը, անդրադարձել ապրանքաշրջանառության ծավալներին՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնմանը:
Խոսելով ապրանքաշրջանառության ծավալների մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Պատգամավորն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, ռազմական ոլորտում համագործակցությանն ու ԼՂ հակամարտությանը:
Ռուսական կողմից թեմայի շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականին անդրադարձել են Վլադիմիր Ջաբարովը, Նատալյա Կոսիխինան և Օլեգ Մատվեյչևը:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ տոնակատարությունների անցկացմանը: Քննարկվել են երկկողմ իրականացվող ծրագրերին, հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը խոսել է մշակութային միջոցառումների անցկացման մասին: Նա կարևորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցների հաշվին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը:
Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները:
Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում այս տարվա հուլիսին:
Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Հակոբ Արշակյանին` նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` նիստի արդյունքները գոհացուցիչ էին, քննարկումներն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով` տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել: