ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները հանքարդյունաբերության ոլորտի միջազգային առաջադեմ փորձին տեղում ծանոթանալու նպատակով 2022 թվականի ապրիլի 18-23-ը գտնվում են Ֆինլանդիայի Հանրապետությունում։
Ուսումնական այցի նպատակն է գործնականում հասկանալ զարգացած երկրներում հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպման և կարգավորման առանձնահատկությունները, հատկապես ոլորտի քաղաքականության և օգտակար հանածոների ներուժի օգտագործման, երկրաբանական տվյալների կառավարման, հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական ասպեկտների, հանքի փակման և հանքարդյունաբերության թափոնների կառավարման համատեքստում:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆինլանդիայի կառավարության պաշտոնյաների, Ֆինլանդիայի երկրաբանական ծառայության (GTK), հանքարդյունահանողների միության և հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Այցելություններ են կատարվում տարբեր հանքավայրեր, Եվրոպայի ամենախոշոր ոլորտային լաբորատորիա և փորձարարական հարստացման ֆաբրիկա, ինչպես նաև GTK-ի կազմում գործող այլ լաբորատորիաներ։
Այցը կազմակերպել է Համաշխարհային բանկը` հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականության մշակման գործընթացի և ՀԲ հանքարդյունաբերության ոլորտի բարելավման աջակցության ծրագրերի շրջանակում։
Այցին մասնակցում են նաև Վրաստանի Հանրապետություն բնական պաշարների ազգային գործակալության ներկայացուցիչները։