Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել Երևանին սահմանակից համայնքների ղեկավարների, Երևանի քաղաքապետի և համայնքների մասնագետների մասնակցությամբ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ նկատելով, որ թիմային աշխատանքը կօգնի առավել արդյունավետ աշխատել, ձևավորել միասնական մոտեցում և օր առաջ լուծել համայնքների վարչական սահմանների հստակեցման և կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները։
Համայնքների ղեկավարները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերն ու ներկայացրել առաջարկություններ, քննարկվել են բոլոր խոչընդոտները, որոնք հնարավոր են գործնական քայլերի ժամանակ։
Վարչական սահմանների ուղղման աշխատանքների ավարտից հետո, ինչպես հավաստեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, առավել լայն թափով կշարունակվեն կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները (այս պահին օրական ուղղվում են 5 բնակավայրի կադաստրային քարտեզներ)։
Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքերի համատեքստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս կարևորեց վարչական սահմանների ուղղման աշխատանքները՝ արդյունավետ համարելով համայնքների ղեկավարների հետ այսօրինակ քննարկումները։
Նման ձևաչափով հանդիպումներն առաջիկայում շարունակական կլինեն՝ մայրաքաղաքին և հարակից համայնքներին առնչվող հարցերում միասնական և ընդհանուր լուծումներ գտնելու համար։
Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ մշակված ծրագրերով կլուծվեն բազմաթիվ հարցեր, քարտեզներում գրանցած փոփոխությունները, Գեոպորտալի գործարկումը հետագայում համայնքներին կազատեն բազմաթիվ խնդիրներից։
Մասնագիտական քննարկումները կշարունակվեն: