44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Հարությունյանի քույրն ընտանիքի չորրորդ զավակն է: Եղբոր մահից 1.5 տարի անց Լյուսիի ծնունդը դարձավ որդեկորույս մոր կյանքի նոր իմաստը:
Գեղանուշ Հայրապետյան (զոհված զինծառայող Սերյոժա Հարությունյանի մայրը) - Նորից կփոխվենք, էդքան չենք տխրի, լավ կլինի:
Մեծ որդին 22 տարեկան է, դուստրը՝ 9: Ասում է՝ երեխա ունենալու որոշումն ընտանիքը կրկին ջերմությամբ լցնելն էր:
Փոքրիկին նայելիս համոզվում է, որ պետք է ապրել, առաջ շարժվել, ժամանակ կորցնելու իրավունք չունեն: Ասում է՝ հանուն իր որդու և մյուս նահատակված տղաների՝ պարտավոր ենք կիրթ ու խելացի սերունդ դաստիարակել:
Մարինե Զարգարյան (Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբույժ) - Եվս մեկ առողջ երեխա ծնվեց մեր հայկական ընտանիքում՝ 3 կգ քաշով, 48 սմ հասակով:
Ծննդատան առաջին հարկում փոքրիկ Լյուսիին են սպասում: Հատկապես Լյուսիի հայրն է անհամբեր:
Հրայր Հարությունյան (Զոհված զինծառայող Սերյոժա Հարությունյանի հայրը) - Ամեն երեխա իր լույսն է բերում, հույս է բերում: Հայրենիքի համար էլ է կարևոր. զինվոր է պետք, մայր էլ է պետք:
Սերյոժան հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: Ծնողները հույս ունեն՝ մյուս զավակներն իրականություն կդարձնեն Սերյոժայի երազանքները:
Հեղինակ` Նարե Ոսկանյան