44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանն է: Նրա ծառայության 9-րդ ամսում սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 27-ին «Բայրաքթարի» հարվածից Մարտակերտում 27 զոհ և 2 վիրավոր ունեցանք. նա վիրավորներից մեկն է: Եղել է ծայրահեղ ծանր՝ հույս չեն տվել. գլխուղեղային վնասվածք, մեջքի կոտրվածք, վնասված ձեռքեր:
Սերգեյ Համբարձումյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Ձեռքս փազլի պես հավաքել են, հիմա նույնիսկ կարողանում եմ ինչ-որ չափով օգտագործել, հիմա ունեմ ասկոլկա, որը գլխումս է՝ ճակատամասում, որը նյարդերս վնասել է ու ստիպել գամվել սայլակին:
Սերգեյը մինչ պատերազմը կիթառ էր նվագում, վերականգնողական փուլերից հետո փորձում է դաշնամուր նվագել, սովորում է ու ապագան կառուցում: Նրա նման տղաներին օգնելու համար «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում լաբորատորիա բացվեց՝ հագեցված ժամանակակից ախտորոշիչ տեխնոլոգիաներով:
Հայկուհի Մինասյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Ամիսներ շարունակ ստիպված էինք լինում տարբեր հերթերի սպասել, ինչպես նաև շատ դժվար էր զինվորներին տեղափոխել զինվորի տնից այլ բուժհաստատություններ՝ հետազոտություններ իրականացնելու համար, քանի որ շատերը սայլակի վրա էին, շատերն անկողնային վիճակում էին:
Այս վերականգնողական կենտրոնը հայի միասնականության արձանագրումն ու բոլորի հաղթանակն է՝ ասում է Արմեն Մուրադյանը՝ հիշեցնելով, որ կենտրոնում արդեն իսկ 6500 տղա ապաքինվել է, որից 800-ը ստացել է կրթություն, իսկ 150-ն արդեն աշխատում է:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Հաղթանակները չեն լինում միայն պատերազմի դաշտում, հաղթանակները լինում են ամենուրեք: Մեր հաղթանակը Զինվորի տունն է, այս բարձունքն է:
Լաբորատորիան ունենալու համար 60 մլն դրամ է պահանջվել, օգնել են Հայ օգնության միությունը և ОneArmenia կազմակերպությունը:
Նաիրի Տերտերյան (ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի) - ՀՕՄ-ի համար կարևոր է զինվորը՝ լինի առաջնագծում թե այստեղ վիրահատվելու, որ իր ապագան ապահովի:
Հովանավորների համար կարևոր է, որ պետերազմն անցած տղաների վերականգնումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ստեղծված լաբորատորիան կրելու է բժիշկ, ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունը, որը կյանքը նվիրել է բանակին ու զինվորներին:
Օֆելյա Գրիգորյան (Նորայր Շահբազյանի կինը) - Սա վերադարձ է, սա դոկտորի վերադարձն է:
Լաբորատորիայի բացումն ավելի մեծ ծրագրի մի բաղադրիչն է: Զինվորի տանը հուսով են, որ շուտով կբացվի նոր մասնաշենքը, ու կկարողանան լիարժեք սպասարկել ավելի շատ զինվորների:
Հեղինակ՝ Անի Օհանյան