Գործակցությունը, շփումները իրավապահ մարմինների միջև օրենքով հստակ նախատեսված են. արձագանքելով դատախազության և իրավապահ այլ կառույցների միջև հակասություններին՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այդ մասին մամուլի հրապարակումներ եղան նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու տան վաճառքի առնչությամբ:
Հիշեցնենք՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում հողհատկացումների վերաբերյալ քննվող այդ գործի շրջանակում առանձնատան վրա արգելանք էր դրվել։ Որոշումը Հովիկ Աբրահամյանի որդին բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում, որն էլ բավարարվել էր։
Եվ այն ընթացքում, երբ դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը Կադաստրի կոմիտեին տեղեկացրել է, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։
«Անլուրջ խոսակցություններ են: Համագործակցությունը կամ շփումները՝ դատախազության և այլ իրավապահ մարմինների, օրենքով հստակ նախատեսված են: Եթե որոշակի վարքագիծ, գործողություն որևէ մեկի դուրը չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ-որ բան ասել, դրանք պարապ զրույցներ են»,- ասաց Դավթյանը: