ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իր մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին:
«Այս գործելակերպը նորություն չէ, այսկերպ վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Արցախի նախագահն էլ, իր հերթին, այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Այս գործելակերպը, Փաշինյանի վստահեցմամբ, շարունակվելու է միշտ:
«Բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ, մշտապես պատրաստամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դրանք դնեն իրենց գործունեության հիմքում: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի:
Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել. Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը ըստ էության իրականություն դարձած կլիներ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ աննախադեպ ծավալի ներդրումներ են իրականացվում Արցախում:
«Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում, մի բան էլ հեռացածներին վերադարձնել: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ: Պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում:
Այս առումով հոռետեսները բերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման: Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև պատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար, և համեմատությունները պարզապես տեղին չեն»,- ասաց նա: